26/11/2014 15:49
«Օրանժի» բաժանորդները «Սինեմա Սթարում» կինոյի անվճար տոմսեր կստանան (Տեսանյութ)
«Օրանժ» ընկերությունն ու «Սինեմա սթար» կինոթատրոնը նոր նախաձեռնություն են սկսում: Այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի «Օրանժի» բաժանորդները «Սինեմա սթարից» մեկ տոմս գնելով երկրորդը կստանան անվճար:
«Օրանժ կինո» ակցիային մասնակցելու համար «Օրանժի» բաժանորդները պետք է 5555 կարճ համարին ուղարկեն «Kino» բառը, այնուհետ պատասխան հաղորդագրությունում կստանան, որում նշված կլինի հատուկ ծածկագիրը, որը ներկայացնելով «Սինեմա սթարի» տոմսարկղ, կարող են օգտվել ծառայությունից: Նկատենք, որ հաղորդագրության համար հավելյալ գումար չի գանձվում:
«Կինոն ի սկզբանե եղել է «Օրանժի» կողմից հովանավորվող գործունեության առանցքային ուղղություններից: Մենք համարում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ և ուրախ ենք «Օրանժի» բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի»,- ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժիլբերտը:
Նշենք, որ «Օրանժ կինո» ծառայությունը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում և մի շարք այլ երկրներում: 2011 թվականից ի վեր ակցիան գործում է նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, այսուհետ ակցիայից օգտվելու հնարավորություն կունենան նաև «Սինեմա սթար» կինոթատրոնի այցելուները:
«Ակցիան մեկնարկել է տարիներ առաջ, այն նորություն չէ հայաստանյան շուկայում: Մենք այս ծառայությունն իրականացնում ենք «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ և այն տեղի էր ունենում յուրաքանչյուր ուրբաթ օրերին, այսօրվանից սկսած «Օրանժ կինոն» կգործի նաև «Սինեմա Սթար» կինոթատրոնում՝ երկու կինոթատրոններում էլ չորեքշաբթի օրերին, քանի որ չորեքշաբթին «կինոշաբթի» ենք հայտարարում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց «Օրանժ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը՝ հավելելով, որ ակցիան կնպաստի նաև կինոթատրոնների հաճախելիության մակարդակի բարձրացմանը: