26/11/2014 15:24
Այսօր տեղի կունենա դերասանուհի Վիոլետ Գևորգյանի հոբելյանական երեկոն
Այսօր` ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարությունից:
Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ:
Կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին:
Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ:
Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել, ավելի քան, 20 դերեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում: 1980 թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:
Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում:
1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1991 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բնակվում է մինչ օրս: