26/11/2014 13:55
Արգամ Այվազյան. Առ այսօր մենք չենք կարողացել գոնե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մակարդակով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Հայաստանում շատ հարցերում և քաղաքական և գիտական տեսանկյունից պասիվ ենք, միայն արձանագրողներ ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը՝ անդրադառնալով Ջուղայի, Նախիջևանի հայկական հուշարձանների վերացման խնդրին:
Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող մշակութային արժեքների գիտական հետազոտման համար անգամ պետական ծրագիր չկա, իսկ նման դեպքերում բարձրաձայնելը պետական մարմինների գործն է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր է հասնել հաջողության:
«Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններ այլևս գոյություն չունեն, այն, ինչ հրատարակվել է մինչ Ջուղայի խաչքարերի վերջնական վանդալիզմը, ցավոք, միայն աղբյուրագիտական նշանակությունն ունի, բայց առ այսօր մենք չենք կարողացել գոնե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մակարդակով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին: Այդ մասին նույն «ՅՈՒՆԵՍԿՕ»-ում բարձաձայնել են տարբեր հասարակական կազմակերպություններն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն մինչև վերջ չեն գնացել»,-ասաց նա:
Ա. Այվազյանը ասաց, որ իրեն զարմացրել է նաև այն, որ այս խնդրով հայտարարությամբ հանդես չի եկել նույնիսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:
Նա ներկայացրեց Նախիջևանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատությունը, որը, իր խոսքով, թերևս միակ սեպագիրն է, որ Ադրբեջանում դեռ չի ոչնչացվել:
Նրա խոսքով՝ աշխատությունում հրապարակվել են 100-ի հասնող նկարներ և շրջակա հայկական բնակավայրերի հուշարձաների պատկերներ, և 1989 թ. հայտնաբերված ուրարտական սեպագիրը ամենահինն է գտնվածներից:
«Սեպագիրը առայժմ անվնաս է և գտնվում է Վիշապաքաղ լեռան գագաթին: Դրանից բացի Նախիջևանում ոչ մի վանք և եկեղեցի չկա: Այնտեղ կատարվել է աննախադեպ վանդալիզմ, եկեղեցին են պայթեցրին, խաչքարերը ավազահատիկ են սարքել, լցրել Արաքսը, սա ողջ պատմության մեջ աննախադեպ երևույթ է»,-ասաց նա:
Ա. Այվազյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը այդ տարածքը ուսումնասիրելու համար մասնագետների խումբ է ուղարկել, արդեն իսկ վտանգավոր է, քանի որ նրանց նպատակը միայն հուշարձաններից հայկական հետքերը հեռացնելն է: