26/11/2014 12:09
Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է այգեգործներին ավարտել այգեթաղը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլ նաև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը:
Նկատի ունենալով այդ հանգամանքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները 2015 թվականին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար: