26/11/2014 20:33
Ի՞նչ կտա Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը
Նիկոլ Փաշինյանն այսօր իր Facebook-յան էջում գրել էր, որ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Այս մտադրության մասին Փաշինյանը հայտնել էր ավելի վաղ, Civilnet-ի, հետո էլ՝ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանություններում:
Ինչու՞ է Փաշինյանը նախաձեռնում այս նախագիծը, եթե իմպիչմենտի գործընթացը ավարտին հասցնելու ու Սահմանադրական դատարան տանելու համար պետք է պատգամավորների 2/3-ի ստորագրությունները:
Դատելով Եռյակը ներկայացնող տարբեր քաղգործիչների ու Եռյակին մոտ կանգնած լրատվական հոսքերի արձագանքներից, ինչպես և ենթադրելի էր, ոչ իշխանական ուժերի շարքերում բավական ագրեսիվ են ընդունել այս նախանձեռնությունը:
Բնականաբար, Փաշինյանը հասկանում է, որ իմպիչմենտի նախաձեռնությունն ավարտին հասցնել հնարավոր չէ, գոնե այժմ: Չնայած նա կցկտուր ձևով ուրվագծել է այդ իմպիչմենտի իրականացման սցենար Եռյակի համար ՝ ստորագրություններ ապահովելով՝ սկսել քննարկումը, այդ ընթացքում հանրության՝ իրենց վստահող հատվածին Բաղրամյան պողոտայում պահելով: Բայց պարզ է, որ Եռյակի համար չէ, որ մտահոգվում է երիտասարդ քաղաքական գործիչը:
Նախ, պետք է հասկանալ, որ հիմնական խնդիրն այս պարագայյում այն է, որ Նիկոլը, լինելով հավակնոտ քաղաքական գործիչ, փորձում է մաքրել այն դաշտը, որում հետագայում առավելի մասշտաբային գործելու մտադրություններ ունի: Եռյակն այդ դաշտը զբաղեցրել է, կարծես թե, բավական երկար ժամանակով: Ու այս մրցակցության մեջ Փաշինյանը գտել է Եռյակի ամենաթույլ տեղը ՝ հռետորաբանության անորոշությունը՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում:
Կոնգրեսն այս իմաստով խնդիր չունի, որովհետև Սերժ Սարգսյանի դեմ միշտ էլ կոպիտ հայտարարություններով հանդես եկել է, բայց Եռյակի գործունեության տրամանաբաննությունից ելնելով՝ դրական չի արձագանքի: Խնդիրն, իհարկե, ԲՀԿ-ի մեջ է:
Եռյակի ընդհանուր արձագանքը, պարզ է, կլինի այն, որ չարժե մտնել այդ պրոցեսի մեջ, հաշվի առնելով, որ այն արդեն իսկ պարտված է: Փաշինյանն էլ, իհարկե, գիտի, որ իմպիչմենտի հասնել խորհրդարանական գործընթացներով հնարավոր չէ, բայց նախաձեռնում է այն՝ Եռյակին լակմուսի թղթի իր տարբերակով ստուգելու համար:
Փաշինյանը սրանով մի քանի հարց է լուծում: Նախ շատ լավ իմանալով, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի կոնկրետ պահանջ ձևաակերպելուց տագնապում է, նա փորձելու է այդ բարդույթի վրա մինչև վերջ սեղմել: Ու չնայած գործընթացի զուտ տեխնիկական իմաստով, այն դատապարտված է անհաջողության, բայց հռետորաբանության հստակեցման իմաստով սա իրոք լակմուսի թուղթ է դառնում, որովհետև, երբ որոշման նախագիծը կազմվի ու ներկայացվի քննարկման, պարզ է, որ շրջանառվող հիմնական բառամթերքը հենց Սերժ Սարգսյանի հրաժարականն է լինելու, ու այստեղ լինելու են խնդիրներ՝ ոչ իշխանականներից շատերը վարանելու են խոսեն այդ բառամթերքով (ավտոմատ այս փորձության առաջ կկանգնեն նաև Քառյակը լքած «հին ընկերները»):
Եռյակի սեթևեթ, հաճախ անորոշ ու զգուշավոր հայտարարությունների ֆոնին, նման սուր ու միանշանակաություն պահանջող քննարկումը հանրության աչքերում, իրոք, կարող է դնել իրական և ոչ իրական ընդդիմության խնդիրը:
Փաշինյանն այժմ բավարար ռեսուրսներ չունի՝ իշխանափոխություն անելու, բայց միաժամանակ չունի նաև ժամանակ: Ուրեմն պետք է արագ գործել, նախ դառնալով ընդդիմադիր տրամադրված հանրության շերտերի վստահելին, իսկ դրա համար էլ պետք է մրցակիցներին չեզոքացնել: Այն թիրախները, որոնց վրա «խաղադրույք» է կատարել Փաշինյանը, ստեղծվել են հենց Եռյակի ոչ միանշանակ գործունեության հետևանքով՝ հայտարարությունների և գործողությունների անհամատեղելիություն, արտահերթ հռետորաբանություն բայց դանդաղ ռիթմ իրական քայլերում, իշխանության հետ կապ ունենալ-չունենալու հետ կապված մութ մնացած բազմաթիվ հարցեր:
Իհարկե, վերջնականպես տապալել Եռյակը դժվար ստացվի: Նախ որովհետև Եռյակի հանրային աջակցությունը, որն ապահովվում է ԱԺ-ից դուրս, ապահովվում է ԲՀԿ բիզնես/քաղաքական լծակների շնորհիվ, և այդ զանգվածը դժվար արտաքին այս կամ այն գործոնի հետևանքով վարքագիծ փոխի: Բայց Եռյակի գործընթացիծ դուրս, բայց իշխանության հանդեպ ընդդիմադիր տրամադրված հատվածների համար սա կարող է ազդակ հանդիսանալ: Իվերջո, բացի քաղաքական պրոցեդուրաներից, հռետորաբանությունը ևս քաղաքականության մաս է, մանավանդ ընդդիմության դեպքում: Հանրության համար այդ հռետորաբանության հստակությունը կարևոր է, կարևոր է կոնսոլիդանալու ու քայլերի գնալու իմաստով: Հանրությունն այս տարիների ընթացքում արդեն բավական փորձառություն է ձեռք բերել, ու չնայած այդ փորձառությունը ունեցել է տխուր հետևանքներ՝ խորը հիասթափության ու անտարբերության վերածվելով, բայց միաժամանակ ավելի խիստ է դարձրել նույն այդ հանրության պահանջները իշխանափոխության հավակնող քաղաքական ուժերից: