26/11/2014 16:35
Կառուցե՞լ թե չկառուցել թեքահարթակներ. Սա է խնդիրը
«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքը՝ ի թիվս այլ հարցերի, կարգավորում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, հասարակական կյանքում հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքը հստակ ամրագրել է.
«Տարածքային պլանավորման, սոցիալական ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների, հասարակական տրանսպորտի և նրանց շրջակա միջավայրի նախագծման, տեղեկատվական համակարգերի մշակման ժամանակ հաշվի են առնվում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներոմ մատչելի միջավայր ապահովելու պահանջները:
2. Շահագործված շենք-շինությունները, անկախ սեփականության ձևից, ենթակա են հարմարեցման հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել մատչելիությունը, ապա ապահովվում են խելամիտ հարմարեցումները»:
Եվ որ ամենակարևորն է.
«Նոր կառուցվող սոցիալական ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների, հասարակական տրանսպորտի օբյեկտների և նրանց շրջակա միջավայրի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պահանջների խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: Այնինչ ունենք հակառակ պատկերն ու իրավիճակը: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը Facebook-յան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ամիսներ շարունակ Աբովյան փողոցի «Երիտասարդական» մետրոի հատվածում տևած վերանորոգման աշխատանքներից հետո մայթերը դարձյալ մնում են անհասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար.
«Ասեմ, որ դիմացի մայթն էլ է նոր վերանորոգվել և որևէ հարմարություն չկա, մայթը շատ սիրուն սալիկապատել են ու եզրաքարեր դրել նաև հետիոտնի անցումի մոտ, դեղին գծերի դիմաց...»,- մասնավորապես գրառել է նա:
Aysor.am-ի հետ զրույցում Զ. Բաթոյանն ասաց, որ թեև ունենք օրենք, շինարարական նորմեր, բայց իրավիճակը վատ է ու գրեթե բան չի փոխվում երկրում.
«Մեղմ ասած ես անբավարար եմ գնահատում առկա իրավիճակը: Օրինակ, նոր կառուցվող շենքերի դեպքում լավագույնը, ինչ կարող է այդ շենքն ունենալ թեքահարթակն է, ինչն ուղղակի ծիծաղելի է, քանի որ թեքահարթակը հին շենքերի համար է, որոնց մուտքերը հարմար չեն եղել: Իսկ այսօր մենք նոր շենքեր ենք կառուցում, նոր սրճարաններ, խանութներ և այլն, բարձր ու գեղեցիկ աստիճաններով, կողքից էլ թեքահարթակ, ինչն ուղղակի ջանքերի վատնում է»:
Երկրորդ խնդիրը նրանում է, որ շատ վատ է իրականացվում վերահսկողությունը, որովհետև հարմարեցված միջավայր ասվածը միայն թեքահարթակը չի, այլև այն, որ շինարարությունն իրականացվում է ըստ նախագծի, որում պարտադիր պետք է ամրագրված լինի հարմարեցվածության նորմը, բայց վերջում ստանում ենք այն, ինչ ունենք համատարած.
«Հատկապես ուզում եմ բարձրաձայնել նորակառույց շենքերի մասին, որոնք մեծ թափով կառուցվում են թե՛ Երևանում, թե՛ Կապանում, թե՛ այլ քաղաքներում: Որոշ տեղերում թեքահարթակներ, հարմարեցված վերելակներ կան, բայց բնակարանների ներսում, օրինակ, սանհանգույցի դռները նեղ են: Ու նման խնդիրներ շատ կան»,- ասաց Զ. Բաթոյանն ու մատնանշեց, որ նմանատիպ իրավիճակ ունենք նաև մշակութային և հանրային նշանակության կառույցներում, որոնց սանհանգույցները շարունակում են անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Զ.Բաթոյանի խոսքով, Հայաստանում թյուր կարծիք կա, թե մատչելի միջավայրը թեքահարթակն է, բայց դա այդպես չէ և մատչելիությունը չի սկսվում թեքահարթակով ու դրանով էլ ավարտվում: Բացի այս, անհրաժեշտ է, որպեսզի փողոցներում, որտեղ փոխվում են սալիկները և այլն, կույր անձանց համար ևս հարմարություններ ստեղծվեն` ռետինե-ուռուցիկ հատակներ ասվածը: Վերջերս, հիշեցրեց նա, Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ 2025 թ-ին արդեն համատարած կունենանք դա, բայց թե մինչև այդ կունենանք և արդյոք կունենանք` հայտնի չի:
Նա նշեց, որ համոզված է, որ հաջորդ տարի բյուջեով անկասկած կավելանան գումարները, որոնք ուղղված են մատչելիության խնդրին, բայց միայն դա չէ կարևորը.
«Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ անում ենք քաղաքի, համայնքի համար, և խոսքը միայն Երևանի մասին չէ, պետք է արվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքը հաշվի առնելով, որովհետև այսօր նոր դպրոցներ են կառուցվում ու վերանորոգվում, որոնք հարմար չեն, մշակութային նոր օջախներ բացվում կամ հիմնանորոգվում, որոնք նույնպես հարմար չեն կամ մասամբ են հարմարեցված: Սա է գլխավոր խնդիրը»,- հավելեց Aysor.am-ի զրուցակիցը:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ, ցավոք, այդ օրենքը սահմանում է միայն նոր կամ վերակառուցվող շինությունների, հանրային շենքերի մատչելիության պայմանը և այդ տեսանկյունից շատ-շատ են այն շենքերը, որոնք մատչելի չեն: 2007 թ-ից, հիշեցրեց նա, ուժի մեջ են մտել շինարարական նորմերը, որոնք պարտադիր են, որպեսզի սակավաշարժ խմբերի համար պահպանված լինեն շինարարական բոլոր չափորոշիչները.
«Բայց փաստ է, որ օրենքը ընդունելուց հետո ունեցել ենք բազմաթիվ խախտումներ և շատ շենքեր հանձնվել են առանց այդ չափորոշիչները հանձնվելու»,- ասաց ՀԿ նախագահը: Բայց նա նաև նշեց, որ վերջին երկու տարիներին նկատել է, որ իշխանությունների դիրքորոշումը հուսադրող է` հատկապես Երևանում, Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի տարբերություն Զ. Բաթոյանի՝ Ա. Ալավերդյանի համար տեսանելի է, որ խստացել է հսկողությունը նորակառույց շենքերի մատչելիության մասով, լայնածավալ աշխատանքներ են կատարվում փողոցների անցումները հարմարեցնելու ուղղությամբ.
«Եվ ամենակարևորը նշեմ` առաջին անգամ մենք սկսեցինք ունենալ լիովին նորմերին համապատասխանող թեքահարթակներ, այլ ոչ թե ձևական, վտանգավոր ձևով կառուցված, որոնք կիրառելի չէին: Հիմա այդ նոր կառուցվածները շեշտակիորեն տարբերվում են հին թեքահարթակներից, որոնցով հաշմանդամություն ունեցող անձը, օրինակ ես, կարող եմ առանց վտանգի ու կողմնակի օգնության անցնել»,- նկատեց նա:
Չնայած հուսադրող հանգամանքներին, այդուհանդերձ Ա.Ալավերդյանը ևս նշեց, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը բարենպաստ չէ, քանի որ առայժմ շատ վայրեր սայլակ օգտագործող անձը չի կարող այցելել առանց կողմնակի օգնության և առաջին հերթին դա վերաբերում է մշակութային վայրերին, որոնք ուղղակի «խայտառակ վիճակում են»: Ու թեև այս ամենի վերաբերյալ անընդհատ մշտադիտարկում է իրականացվում, խնդիրները անընդհատ բարձրաձայնվում են, բայց միևնույն է` դեռ հեռու ենք այն պնդումից, որ ոչ միայն Երևանում, այլև հանրապետությունով մեկ հավասար պայմաններ կան բոլոր քաղաքացիների համար:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում գրանցված է 196 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Այս թվի շուրջ 100 հազարը բնակվում է մայրաքաղաք Երևանում: