26/11/2014 13:42
Շիրակի մարզում ողբերգական վթարի գործով մեղադրյալին կհարցաքննեն փաստաբանի ներկայությամբ
Շիրակի մարզում «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ իր ներկայությամբ հարցաքննելու Մ. Վարդանյանին, բավարարվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լ. Բալյանը:
Նրա խոսքով՝ Մ. Վարդանյանի վիճակը ավելի լավ է, քանի որ նրա հետ աշխատում է հոգեբան, բացի այդ, «Արթիկ» ՔԿՀ-ում նա գտնվում է բժշկական հսկողության տակ:
«Երբ նա ի վիճակի լինի, իմ ներկայությամբ կհարցաքննվի, դա շատ կարևոր է»,-ասաց նա:
Փաստաբանը նաև ասաց, որ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, մի մասն էլ դեռևս նշանակվելու է:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի եհտ զրույցում փաստաբանը ասել էր, որ Մ. Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է նոյեմբերի 13-ին, և պարզվել է, որ նա արդեն 2 անգամ հարցաքննվել է որպես կասկածյալ և մեղադրյալ:
«Քննիչը պետք է միայն իրավական գնահատական տա, սակայն առանց փորձագետի եզրակացության ինքը դիրքորոշում է հայտնել վթարի մեղավորության վերաբերյալ: Նրան 3 օր հեռախոս չի տրվել՝ հարազատների հետ կապ հաստատելու համար: Իմ պաշտպանյալի հետ ես նոյեմբերի 13-ին առանձնազրույց եմ ունեցել և ինքը ասել է, որ նույնիսկ չի հիշում, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրել: Միայն ասում է, որ մեղավոր է իրեն համարում, ասում է՝ տարեք, 100 տարի դատեք, սպանեք, ինձ»,- ասել էր նա:
Փաստաբանի խոսքով՝ Մ. Վարդանյանը սկզբում հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, քանի որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, խնամքին գտնվում է անչափահաս երեխան:
«Մամուլում միանգամից հրապարակվեց միակողմանի եզրակացություն, որ վթարի մեղավորը Մ. Վարդանյանն է, թեև նա եղել է սթափ վիճակում և իր խոսքով՝ «Գազելը» մեծ արագությամբ եկել ու հարվածել է իրեն, բայց «Գազելի» մասին խոսք չկա: Սա խոսում է այն մասին, որ կանխակալ քննություն է տարվում»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:
Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև ուղևորներ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Դավիթ Հարությունյանի մահը:
Ուղևորներ Կարեն Բաղդասարյանը, Հովհաննես Չախոյանը, Սամվել Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ալբերտ Շախնազարյանը, Հասմիկ Հովհաննիսյանը և Էդմոն Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: