26/11/2014 14:49
Գիմիշյան. Եթե Ն. Փաշինյանը գրագետ չհիմնավորի, ապա սա ընդամենը պոպուլիստական, ուշադրություն գրավելու քայլ է
«Իմպիչմենտը լավ բան է և ես գտնում եմ, որ իշխանափոխությունը կարևոր է: Բայց ի՞նչ հիմքով է այն ներկայացվում, սա է կարևոր: Եթե հիմնավորումը չլինի, ապա սա ընդամենը պոպուլիստական, ուշադրություն գրավելու քայլ է, բայց ոչ լուրջ խնդիրներ բարձրացնող նախաձեռնություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռությունը:
Հիշեցնենք, պատգամավորը քիչ առաջ Facebook-յան իր էջում տեղեկացրեց, որ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է և այն ուրբաթ կներկայացվի հանրությանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ այն կարծիքին է՝ երկրում որակական փոփոխություններ իսկապես կարևոր են ու այնքան էլ էական չեն անձերը: Կարևորը, որ իշխանության մեջ լրջագույն փոփոխություններ լինեն` կառավարման որակից ելնելով.
«Հիմա դա կլինի Սերժ Սարգսյան, թե Կիրակոս Կիրակոսյան ինձ համար միևնույն է: Ինչքան էլ ես այսօր չեմ ընդունում ներկայիս իշխանություններին, բայց եթե նրանք հանկարծ նախաձեռնեն անկեղծորեն, ազնվորեն լուրջ փոփոխություններ կառավարման մոտեցումներում և երկիրը սկսի լրջորեն առաջ շարժվել` ես դա կողջունեմ: Իհարկե, դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետև այն էլիտան, որ այսօր իշխանությունում ձևավորվել է, ունակ չի ոչ լուրջ միտք տեսնել, ոչ էլ լուրջ քայլերի գնալ: Բայց բացառելն էլ է սխալ, և սա ասում եմ նրա համար, որ պարզ լինի` ինձ համար անունը կարևոր չի, կարևորը, թե ինչպես է երկիրը կառավարվում ու ինչքանով է զարգանում»,- նշեց նա:
Երկրորդ. եթե գործող իշխանությունները չեն կարող, իսկ դա, ըստ մեր զրուցակցի, նրանք ապացուցում են ամեն օր, ապա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա իշխանափոխություն, նորերը պետք է գան: Բայց եկողը պետք է վստահ լինենք, որ ավելի լավն է, քան գործողը: Ս. Գիմիշյանը նշեց, որ այս շղթայական գործընթացում կարևոր է հիմքը, այսինքն ի՞նչ հիմքով է գնում հինը. Եթե ժողովրդի պահանջով, ապա շատ լավ է, եթե իրավունքի, Սահմանադրության ուժով` ևս նորմալ է, լավ է.
«Ն. Փաշինյանի նախաձեռնության հիմքերը դեռ պարզ չեն և հիմա դժվար է մեկնաբանել դա: Պետք է տեսնել արդյոք դրա լուրջ հիմնավորումը կա, այլապես անլուրջ է խոսել դրա մասին»:
Եռյակի ձևաչափում, որին էլ փաստացի ուղղված է այս նախաձեռնությանն աջակցելու հրավերը, «Ժառանգությունը» հրաժարականի մասին երբեք չի խուսափել խոսել, մինչդեռ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ակնհայտորեն ձգում են դա անելը: Ս. Գիմիշյանից հետաքրքրվեցինք` արդյոք այդ ուժերը պատրա՞ստ են նման կտրուկ քայլի: Պարզվեց, որ ինչպես և շատերը, նա ևս վստահ չէ դրանում.
«Մասնավորապես` բացառում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» այդպիսի քայլի դիմի: Չեմ բացառում նաև, որ ՀԱԿ-ն էլ այդպիսի հարցադրում կատարի, որովհետև քաղաքական իմաստով ՀԱԿ-ը ժամանակին փորձեց իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ ճանապարհ անցնել, բայց ինչքան ես գիտեմ ու հասկանում եմ, իշխանության կողմից որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց… դրա համար չեմ բացառում, որ նաև ՀԱԿ-ը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նույնպես այդ քայլի տակ չի ստորագրի»,- ասաց նա, և վերադառնալով ԲՀԿ-ին՝ ավելացրեց, որ օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել և ընդհանրապես լրջորեն քաղաքականությամբ զբաղվել:
Այդ դեպքում ո՞րն է այս նախաձեռնության իմաստը, ի վերջո Ն. Փաշինյանը պետք է որ լավ գիտակցի իր կողմից մատնանշվածը ու նաև այն հանգամանքը, որ քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում հանգիստ կտապալի այդ գործընթացը: Արդյոք սա նշանակում է, որ պատգամավորի կողմից փորձ է արվում ընդդիմադիր դաշտը հստակեցնել ու ցույց տալ, թե ով ով է.
«Որևիցե մեկի քայլով պարզ չի դառնա, թե ով ով է: Ճիշտ է, այսօր քաղաքական դաշտն այնքան է խճճված` ընդդիմություն, դիմություն խառնվել են իրար, բայց չմոռանանք, որ նույն եռյակն էլ ինքն իրեն ընդդիմություն չի կոչում, այլ ներկայանում իբրև ԱԺ ոչ իշխանական ուժեր: Եվ սա պատահական չի: Բայց նրանք էլ, ովքեր իրենց ընդդիմություն են կոչում, նրանց վարքն էլ ու գործունեությունն էլ պարզ չի , այնպես որ որևէ մեկի քայլով դա պարզել չի էլ ստացվի»,- ասաց Ս. Գիմիշյանը: Եվ խնդիրը, ըստ նրա, այն է, որ ինքն էլ այսօր չի տեսնում լրջագույն իրավական կամ սահմանադրական հիմքեր, որոնցով կարելի է մտնել Սահմանադրական դատարան և սկսել իմպիչմենտի գործընթաց.
«Կարող է կան հիմքեր այսօրվա իշխանավորների մեծ մասին դատելու համար, բայց Սահմանադրական իրավունքի տեսանկյունից ես այդ հիմքերը չեմ տեսնում: Դրա համար էլ համոզված եմ, որ այնտեղ իմպիչմենտի լուրջ հիմնավորում չի կարող լինել»:
Եվ հենց սա է, որ ըստ Ս.Գիմիշյանի, որևէ մեկին թույլ չի տա մեղադրել այս կամ այն քաղաքական ուժին պրոիշխանական կամ կեղծ ընդդիմադիր լինելու մեջ: Դե իսկ, հավելեց Aysor.am-ի զրուցակիցը, հիմնավորված, գրագետ կառուցված փաստաթղթի դեմ ո՞վ կարող է այլ կարծիք հայտնել: