26/11/2014 20:05
Վարդան Պետրոսյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատավոր Վաղինակ Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Ռ. Բալոյանը ներկայացրեց պաշտպանական կողմի և իր ներկայացրած միջնորդությունները, այնուհետև դիմելով դատարանին՝ ասաց, որ դատարանը իր վարքագծով միանում է պաշտպաններին ու մեղադրողին՝ բացահայտ կերպով պաշտպանելով ամբաստանյալին և հանդես գալով վերջինիս իրավունքներից:
Մեղադրող դատախազը ասաց, որ ինքը ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մեջ որևէ լուրջ հիմք չի տեսնում և դրանում ավելի շատ քննարկվում էր իր, այլ ոչ թե դատավորի կողմնակալության հարցը:
Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ իր կարծիքով ևս դատավորն օբյեկտիվ չի քննում գործը:
Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավորը հայտարարեց, որ դատարանը մերժում է Ռ. Բալոյանի միջնորդությունը:
Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց անցկացնել կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն, կատարել դեպքի վայրի չափագրումներ և ստացված տվյալները համեմատել քրեական գործում առկա տվյալների հետ:
«Եթե քննիչը ճիշտ է, ապա կապացուցվի նրա ճշմարտացիությունը: Կարծում եմ, բոլորը, այդ թվում դատարանը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման հարցում»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև հայտնեց, որ միջնորդությանը կից ներկայացնում է նույն պահանջով 16 հազարից ավելի ստորագրություն:
Ն.Բաղդասարյանը միջնորդեց որպես փորձագետ ներգրավվել Ռոբեն Հազանին, ով Վերսալի վերաքննիչ դատարանի արտոնագրված պատվավոր փորձագետ:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրողը կողմը չի կարողացել ապացուցել, որ Վ. Պետրոսյանը վթարի պահին հեռախոսով է խոսել, ինչպես նաև, վթարի պահը ստույգ արձանագրող որևէ ապացույց ձեռք չի բերել, հետևաբար նախաքննության մարմինը Վ. Պետրոսյանին չի կարող մեղսագրել նշված խախտումը առանց ապացույցի: