26/11/2014 19:52
Քաղաքական հակասություններն արգելակելու են ռուս-թուրքական մերձեցումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ:
Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին աննախադեպ վերելք են ապրում, ինչը բացատրվում է առաջին հերթին Թուրքիայի՝ԱՄՆ-ի քաղաքականությունից տարանջատվելու և ավելի անկախ գործելու, ինչպես նաև ռուսական էներգակիրների նկատմամբ Անկարայի մեծ հետաքրքրությամբ: Մոսկվան էլ իր հերթին կարևորում է թուրքական բազմամիլիոնանոց շուկա իր էներգակիրները արտահանելու և Թուրքիայի տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործեկու համար՝ռուսական նավթն ու գազը Մերձավոր և Միջին Արևելք առաքելու նպատակով: Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին 2012թ.-ի համեմատ նվազել է 3.8%-ով՝կազմելով 32 միլիարդ դոլարի:
Դիտարկելով երկկողմ ապրանքաշրջանառությունը կարելի է նկատել, որ Ռուսաստանը հիմնականում հումք է արտահանում Թուրքիա, իսկ ներկրում պատրաստի արտադրանք: Թուրքիան Ռուսաստանից ներկրում է հիմնականում էներգակիրներ և մետաղական արտադրանք, իսկ արտահանում մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև տեքստիլ արտադրություն: Պուտինը և Էրդողանը նախորդ տարի պայմանավորվել են մինչև 2020թ.-ը երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի:
Չմոռանանք, որ ռուսաստանցիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայի լողափերին: 2013թ.-ի դրությամբ Թուրքիան է այցելել 4.3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ: Չնայած տնտեսական բավական ակտիվ փոխհարաբերություններին, Մոսկվան և Անկարան ունեն բազմաթիվ քաղաքական հակասություններ, այդ թվում Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող Ղրիմի հարցում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները և հանդես է եկել Ղրիմի թաթարներին համակողմանի աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին հայտարարությամբ:
Ղրիմի թաթարները թերակղզու կարգավիճակի մասին հանրաքվեի ընթացքում հիմնականում դեմ են արտահայտվել Ղրիմը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն և հանդես են եկել Ուկրաինայի կազմի մեջ մնալու և այդ երկրի տարածքային ամբողջականության օգտին: Անկարան փորձելու է օգտագործել Ղրիմի թաթարներին, որոնց թիվը թերակղզում հասնում է մոտավորապես 300.000-ի, որպես Ռուսաստանի վրա ազդելու գործոն:
Մոսկվան այս պահին ակտիվորեն քաղաքացիություն է տրամադրում թերակղզու 2 միլիոնանոց բնակչությանը և 300.000 թաթարները կամ պետք է վերցնեն ռուսական անձնագրեր՝ կամ դուրս մնան Ղրիմի հասարական-քաղաքական կյանքից, մարգինալիզացվեն և մեկուսացվեն, ինչը ձեռնտու չէ հենց թաթարներին: Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմուլիևը հայտարարել էր, որ Ղրիմի թաթարները ստիպված կլինեն վերցնել ռուսական քաղաքացիություն՝ չնայած բոյկոտել են Ղրիմը՝Ռուսաստանին միանալու հանրաքվեն:
Ռուս-թուրքական հակասությունները առնչվում են նաև սիրիական հիմնախնդրին, որտեղ Անկարան ցանկանում է հասնել Ասադի ռեժիմի տապալմանը: Թուրքիան սիրիական ճգնաժամի հենց սկզբից իր աջակցությունն է տրամադրել սիրիական ընդդիմությանը և իսլամականներին: Մոսկվան ամեն ինչ արեց դիվանագիտական դաշտում, որպեսզի պահպանի Ասադի ռեժիմը և ռուս-թուրքական դիրքորոշումները այդ դաշտում հակադրվում են:
Բացի այդ, Ռուսաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միություն, ինչը հարվածում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին Կենտրոնական Ասիայում, քանի որ Ղազախստանն ու Ղրղզստանն էլ են անդամակցելու այդ կառույցին: Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի սահմանների երկայնքով կառուցում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, իրականացնում TANAP գազամուղը, ինչը այլընտրանքային էներգակիրներով է ապահովելու Եվրոպան ու նվազեցնելու է ռուսական էներգակիրների դերը ԵՄ-ում:
Ինչ վերաբերվում է Հայաստանին ու նրա շահերին, ապա Հայաստանը հանդիսանալով Ռուսաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում, անդամակցելով ՀԱՊԿ-ին և ունենալով իր տարածքում ռուսական ռազմակայան իր անվտանգության մի կարևոր բաղադրիչը՝հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների հսկողությունը վստահել է ռուս սահմանապահներին:
Ռուսական սահմանապահների ներկայությունը այժմ էլ զսպող գործոն է Թուրքիայի համար և դա պետք է հաշվի առնել, քանի որ Ռուսաստանը հսկելով հայ-թուրքական սահմանը ՝ելնելով իր ռազմավարական շահերից հսկում է նաև ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանը: Ռուսաստանը հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահող երկիր զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ և չպետք է մոռանալ, որ հենց Ռուսաստանը 1990-ականների սկզբին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան կամ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Հայաստանի համար երկրորդ ճակատի բացումը նաև արևմուտքում:
Այսպիսով, ռուս-թուրքական տնտեսական, էներգետիկ ոլորտի համագործակցությունը շարունակելու է ակտիվ զարգանալ, սակայն աշխարհաքաղաքական հակասությունները միշտ էլ զսպող դեր են խաղալու երկկողմ հարաբերություններում: