26/11/2014 19:35
Թուրքիան շարունակում է յուրացնել այլ ժողովուրդների հոգևոր, պատմամշակութային արժեքները
Թուրքական իշխանությունները շարունակում են այլ ժողովուրդների, այլ պետությունների, հանդեպ իրենց ատելությունն առարկայացնել նրանց հոգևոր, պատմամշակութային արժեքները յուրացնելու քաղաքականության միջոցով:
Այսպես, Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Դուրսուն Շահինը հայտարարել է, որ նահանգի նույնանուն քաղաքի Քալեյջը թաղամասում դեռևս 1907թ. կառուցված պատմական սինագորգը, որի հիմնանորոգումը պետք է ավարտվի մոտ ժամանակներում, չի հանձնվելու հրեաներին: Թուրք պաշտոնյան նման որոշումը հիմնավորել է պաղեստինաիսրայելական հիմնախնդրի սրացման վերջին միջադեպերով՝ մասնավորապես հայտարարելով. «Այն ժամանակ, երբ այդ հանցագործները սպառնում են Ալ-Աքսային, սպանում մուսուլմաններին, մենք նրանց համար սինագոգներ ենք կառուցում, հոգ ենք տանում նրանց գերեզմանոցների մասին: Այդ սինագոգն օգտագործվելու է միայն՝ որպես թանգարան և ոչ որպես աղոթավայր»:
Թուրքիայի հրեական համայնքի ներկայացուցիչները բավականաչափ սուր քննադատության են արժանացրել Շահինին՝ մեղադրելով նրան հակասեմականության մեջ, պահանջելով նրա հրաժարականը և ընդհանրապես փաստելով, որ հրեաների հանդեպ ատելությունը, կարծես, բնութագրիչ է դարձել թուրքական իշխանությունների համար:
Հրեական համայնքի ճնշման տակ ԹՀ Կրոնի հարցերով գլխավոր վարչության պետ Ադնան Էրթեմը հերքել է թուրք նահանգապետի հայտարարությունը՝ նշելով, որ այդօրինակ որոշումներ կայացնելու իրավուք կարող է կայացնել բացառապես իր ղեկավարած գերատեսչությունը և նշել, որ շինությունը վերանորոգումից հետո ծառայելու է և՛ որպես աղոթավայր, և՛ որպես մշակութային հաստատություն, ինչպես Ստամբուլի Սուլեյամանիե մզկիթը: