26/11/2014 18:48
Ո’չ «էլիտար գերեզմաններին», այո` անվճար դիահերձմանը. ՕԵԿ-ի հեղինակած նախագիծը կքննարկվի այս քառօրյայում
Պետությունը գտնում է, որ անվճար դիահերձումը զգալի բեռ կդառնա հայրենի բյուջեի համար: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության անդամների հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ Կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել իր եզրակացությունը, որում ասված է.
«Օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական և համայնքային բյուջեների ծախսերի վրա կլինի բացասական` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով նախատեսվում է, որ դիահերձումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայություն է»:
Ըստ Կառավարության` ՕԵԿ պատգամավորների կողմից արված առաջարկը` «Դիահերձումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայություն է» ՀՀ պետական բյուջեում զգալի ծախսեր կառաջացնի: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ-ի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանով հաստատված չափորոշիչի համաձայն` ախտաբանաանատոմիական հերձումները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են միայն ՀՀ Կառավարության կողմից մշակված ցանկում ընդգրկված անձանց մահվան դեպքում.
«Տնային մահերը կազմում են շուրջ 12816 դեպք, որից ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում չընդգրկվածները շուրջ 10252-ն է, ընդ որում, մեկ հերձման գինը 12500 դրամ է. լրացուցիչ պահանջվող գումարը կկազմի 128 միլիոն դրամ»,- ասված է գործադիրի ներկայացված հիմնավորման մեջ:
Aysor.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց սակայն, որ գործող կանոնակարգով մարզերում վաղուց դիահերձումն իրականացվում է անվճար: Առաջ, ըստ պատգամավորի, գյուղական շրջաններում էր միայն անվճար, իսկ հիմա մարզերում. այդ իսկ պատճառով ՕԵԿ-ն առաջարկում է այս գործընթացն անվճար դարձնել ողջ հանրապետությունում: Դիտարկումը, որ գործադիրն իր հիմնավորման մեջ նշում է, որ դա ՀՀ պետական և համայնքային բյուջեների ծախսերի վրա բացասական ազդեցություն կունենա, զարմացրեց Հ. Մարգարյանին.
«Բյուջեն ի՞նչ է, հնարավորություն չունի՞ 50 մլն դրամ տալու այդ խնդրի համար: 128 մլն ամբողջ հանրապետության կտրվածքով է, իսկ քանի որ մարզերում դիահերձումն արդեն անվճար է` 50 մլն է պետք ընդամենը»,- ասաց նա:
Իհարկե, շարունակեց Մարգարյանը, կարող է լինեն դեպքեր, երբ հանգուցյալի հարազատները այլ պահանջներ ներկայացնեն դիահերձման գործընթացի հետ կապված և այդ դեպքում, այո, թող լրացուցիչ վճարեն, բայց «դասական» դիահերձումը պետք է լինի պետության կողմից անվճար մատուցվող ծառայություն, ինչպես որ միշտ եղել է:
Ի դեպ, Կառավարությունն իր հերթին առաջարկում է կարգավորել ոլորտը, ու որպես տարբերակ՝ առաջարկում է հնարավորություն տալ մասնավորին՝ գերեզմանոցներ ունենալ (Այսօր գերեզմանները գտնվում են համայնքների ենթակայության տակ): Այդ առաջարկն, ի սկզբանե, ընկալվեց իբրև փորձ՝ այս ոլորտը ևս մոնոպոլիզացնել և ունենալ նաև «էլիտար գերեզմանոցներ».
«Մեր քաղաքացիները կրակն են ընկել այս կնճռոտ խնդրի ձեռքը, քանի որ այդ ոլորտում ուղղակի խայտառակություն է կատարվում: Ի՞նչ ենք առաջարկում մենք: Նախ, չպետք է լինի մասնավոր գերեզմանոց հասկացություն, մասնավորի կողմից կարող է ծառայություն միայն մատուցվել: Իսկ կառավարությունը առաջարկում է, որ օպերատորը կարող է հող գնել և կազմակերպել ծառայություն, այսինքն այդ «էլիտար գերեզմանոց» ասվածը կյանքի կոչվի, որին մենք դեմ ենք ու հասարակությունն էլ է դեմ… մնացել է մենակ դա էլ էլիտար դարձնեն»,- ասաց Հ. Մարգարյանը` ավելացնելով, որց գերեզմանոցը պետք է լինի կա՛մ պետական, կա՛մ համայնքային սեփականություն, ուղղակի ծառայություն մատուցողը կարող է պայմանագիր կնքել, վարձակալությամբ վերցնել տարածքն ու իր ծառայությունները մատուցել քաղաքացիներին` օրենքով սահմանված չափորոշիչներով:
ՕԵԿ պատգամավորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ օրենքը նաև պետք է կարգավորի սգո ծառայությունները, այսինքն՝ թե ինչպիսին դրանք պետք է լինեն: Օրինակ, հոգեհանգստի արարողությունը կատարելու համար պետք է լինեն հատուկ օդափոխվող դահլիճներ, հանգստի սրահներ, այդ թվում՝ սառնարաններ` հատուկ ռեժիմով: Մի խոսքով, պետք է լինի օրենք, որը կկարգավորի բոլոր այս հարցերը: Բացի այդ, նախագծով իրենք ամրագրել են, որ քաղաքացուն պետք է 12 քմ գերեզմանատեղ տրամադրվի անվճար և այլն.
«Այս ոլորտն, իսկապես, կարգավորման կարիք ունի, քանի որ շատ բաներ են կատարվում, որին քաղաքացիները դեմ են: Օրինակ, եկեղեցիներում, որտեղ անցկացվում են հոգեհանգստի արարողություններ, մարդիկ չեն ցանկանում այդտեղ պսակադրվել կամ այլ արարողություն անցկացնել, քանի որ կարծրատիպային մոդել է ձևավորվում` «պանիխիդայի եկեղեցի»: Կամ` Քանաքեռ-Զեյթունում եկեղեցին հենց դպրոցի հարևանությամբ է ու երեխան դասից տուն գնալուց դագաղ է տեսնում… շատ խնդիրներ ունենք, շա~տ»,- ասաց Մարգարյանը:
Նշենք, որ նախագիծը դրական եզրակացությամբ մտել է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ և կքննարկվի արդեն հաջորդ շաբաթ: Կառավարությունը, հիմնականում, իր եզրակացության մեջ դեմ է արտահայտվել անվճար դիահերձման մասին կետին: