27/11/2014 17:40
Ա.Գիլոյան. Հանրաքվեն հնարավոր է անցկացվի մինչև այս տարեվերջ
«Կառավարությունը չի հրաժարվել համայնքների խոշորացման ծրագրից, ավելին` Կառավարության այսօրվա նիստում դրա համար անհրաժեշտ հիմքերն ավելի են ամրապնդվել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը` պարզաբանելով, որ նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Այս փոփոխությունն անհրաժեշտ էր, քանի որ երկար տարիներ չէր օգտագործվել ու փոփոխության չէր ենթարկվել և ֆիզիկապես հնարավոր չէր Հայաստանում անցկացնել տեղական հանրաքվե, քանի որ, այսպես ասած, չէր խոսում Ընտրական օրենսգրքի հետ.
«Իսկ տեղական հանրաքվեն, համաձայն մեր Սահմանադրության, համայնքների խոշորացման ժամանակ անհրաժեշտ պայման է` Կառավարությունը խոշորացման ենթակա համայնքներում պետք է հանրաքվե անի, դա պարտադիր պայման է»:
Ա.Գիլոյանը նշեց, որ առաջիկայում նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որի կողմից հավանության արժանանալու պարագայում հնարավոր է որոշ համայքններում հանրաքվեն անցկացվի նույնիսկ մինչև այս տարեվերջ.
«Եթե Ազգային ժողովը քննարկի ու ընդունի, ապա կարող ենք հանրաքվեն էլ անել մինչև տարեվերջ, այնպես որ որևէ մտադրություն, թե Կառավարությունը մտադիր է հրաժարվել համայնքների խոշորացման ծրագրից չկա, հակառակը` փաստացի արվում է հակառակը»:
Նախարարության ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ այս պահին խոսքը 14 պիլոտային փնջերի մասին է, որոնք խոշորացվելու են աստիճանաբար:
Հիշեցնենք նաև, որ համայնքների խոշորացումը տեղական ինքնակառավաման համակարգի հետագա զարգացման հիմնական պայմաններից է դիտվում և ըստ Կառավարության` այս ուղին ոչ միայն կբարձրացնի տնտեսական արդյունավետությունը, այլև շատ այլ խնդիրներ կլուծի` սկսած իշխանության հետագա ապակենտրոնացման հնարավորությունների ստեղծումը, մինչև ՀՀ քաղաքական համակարգի , կուսակցությունների, հասարակական միավորումների հետաքրքրության ավելացումը տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ: