27/11/2014 15:24
2014-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կանցնի թեստային առաջին գնացքը
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը գտնվում է Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում և կապող դեր է կատարում Արևմտյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի ու Հնդկաստանի միջև:
Trend-ի փոխանցմամբ, Գարիբաշվիլին կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի կարևորագույն մաս:
Նրա խոսքով՝ 2014-ի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կանցնի թեստային առաջին գնացքը, իսկ նախագիծը կավարտվի 2015-ին: Գարիբաշվիլին նշել է, որ իրենք պատրաստվում են երկու տարուց նոր նավահանգիստ կառուցել, որը թույլ կտա տարանցել տարեկան 100 միլիոն տոննա բեռ:
Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է Ադրբեջանի ֆինանսավորմամբ: Նախնական շրջանում երկաթուղով տարեկան կանցնի 6.5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կհասնի 17 միլիոն տոննայի: