27/11/2014 16:50
Քննարկվել է հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակը
Մինսկում նախօրեին կայացել են հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները:
Պատշաճ ուշադրություն է դարձվել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ: Կողմերն ընդգծել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը: