27/11/2014 13:54
Բժիշկ. Լեյլա Յունուսի կյանքին իրական վտանգ է սպառնում
Բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքի ընկեր և բժիշկ Ազադ Իսազադեն հայտարարել է, որ ձերբակալված Լեյլա Յունուսի առողջական վիճակը գնալով վատթարանում է՝ չնայած քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հայտարարություններին:
Contact.az-ի փոխանցմամբ, Իսազադեն նախօրեին հեռախոսով զրուցել է Յունուսի հետ, ով բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից և հայտնել, որ նիհարել է 12 կգ-ով:
Իսազադեն նշել է, որ Յունուսի մոտ թափվում են ատամները և մազերը, շաքարի մակարդակը հասել է 220-ի, նա թուլացել է և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Յունուսը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մինչև տարվա վերջ չի ձգի:
Իսազադեն, ցիտելով Յունուսին, նշել է, որ նրան ստիպում են կոտրվել, հետ կանգնել իր գործից, սակայն նա չի պատրաստվում շեղվել իր ընտրած ուղուց:
Բժիշկը հավելել է, որ վախենում է Յունուսը կենդանի չմնա մինչև ազատ արձակվելը, իսկ հայտնի իրավապաշտանի մահը լուրջ հարված կլինի Ադրբեջանի իմիջին:
Հիշեցնենք, որ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը վերջերս հայտարարել էր, որ վերջին օրերին կտրուկ վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը:
Գամբարովը նշել է, որ Յունուսի մոտ սկսվել է լյարդի քայքայման գործընթաց, նկատվում են ճնշման տատանումներ, ինչը թերսնվելու արդյունք է:
Յունուսը այդ ընթացքում կորցրել է 10 կգ: Յունուսը տառապում է շաքարախտով, իսկ հուլիսին ձերբակալվելուց հետո նա համապատասխան բուժօգնություն չի ստացել: Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ:
Մինչ այդ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը հայտարարել էր, որ իրեն զրկել են Յունուսին պաշտպանելու հնարավորությունից: Բագիրովը նշել է, որ իրեն չեն թողել Յունուսի մոտ՝ Բաքվի թիվ 1 մեկուսարան: Մինչ այդ, հեռացվել էր Յունուսի մեկ այլ դատապաշտպան Ջավադ Ջավադովը: