27/11/2014 15:57
Գ.Սահակյան. Անպատժելիության զգացումը մեծացնում է Ադրբեջանի` հակամարատության ռազմական լուծման պատրանքը
Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի` հայտարարության մեջ ասված է.
«2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը:
Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի և ԵԱՀԿ ներկայացուցիչներին:
Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից:
Անպատժելիության զգացումը և պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»: