27/11/2014 13:47
ԵՏՄ պայմանագիրը` ԱԺ քառօրյայում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 5 հավելվածից: Պայմանագրով ՀՀ-ն միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի և «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան:
Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵԱՏՄ մասին պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալու կապակցությամբ:
Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են ՀՀ կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի և քննարկվող պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները և անցումային դրույթները:
Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵԱՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:
Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ եւ ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են պայմանագրի 5-րդ հավելվածով:
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում և հարցադրումներում փորձել են պարզել, թե ինչ է տալու անդամակցությունը մեր երկրին, որ ապրանքատեսակների մասով է մաքսատուրքը մնալու անփոփոխ, նրանք անդրադարձել են օտարերկրյա ներդրումներին, արտահանմանն ու ներկրմանը, ԵՄ-ի հետ հետագա համագործակցությանը: Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է բոլոր մտահոգություններին և հարցադրումներին: 5 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը երաշխավորել է քննարկվող պայմանագիրը դրական եզրակացությամբ ընդգրկելու ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: