27/11/2014 16:13
Բա ի՞նչ իրավական հիմքով էր մինչև այդ տրվում «Նաիրիտի» աշխատավարձերը. Ա. Մինասյան
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր «Նաիրիտի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամբողջ աշխատավարձի պարտքը, որը դեռ մեկ ամիս առաջ խոստացվել էր, որ մինչև տարեվերջ կվճարվի նաիրիտցիներին, չի վճարվի, քանի որ դրա իրավական հիմքերը չկան:
Aysor.am-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել, թե ի ՞նչ իրավական հիմքեր կարող են խանգարել վճարել աշխատակիցներին իրենց հասանելի աշխատավարձի պարտքը:
«Հարց է առաջանում` բա ի՞նչ իրավական հիմքով էր մինչև այդ տրվում աշխատավարձը: Եթե նրանք խնդիրը կապում էին սեփականատիրոջը պարզելու հանգամանքի հետ, ապա դա ուրիշ: Բայց փաստացի այսօր «Նաիրիտում» որոշումներ կայացնելու իրավասությունը Կառավարությունն իրականացնում է, նշանակում է, որ պարտավոր է նաև «Նաիրիտի» պարտավորությունների մասով էլ ինքը որոշումներ կայացնի»,- ասաց պատգամավորը` ենթադրություն անելով, որ հիմա, թերևս, փորձում են այդ հարցը կապել բաժնետիրոջ հարցի հետ, բայց դա արդեն այլ խնդիր է:
«Ըստ Կառավարության որոշման` բաժնետոմսերը պետք է անցնեն ՀՀ սեփականությանը»:
Հարցին` հնարավոր է ենթադրե՞լ, որ բաժնետոմսերն արդեն անցել են և ՀՀ պետությունն է հրաժարվում այս պարագայում այդ պարտքը վճարել, Ա.Մինասյանն ասաց.
«Փաստորեն, այդպես է դուրս գալիս: Բայց շտապել պետք չէ, որովհետև հարցը հետևյալն է` ի վերջո, մինչև հիմա ինչպե՞ս էր վճարվում պարտքը, ո՞վ էր հանդես գալիս «Նաիրիտի» անունից ու այդ պարտավորությունները փակում»,- ասաց նա` նշելով, որ որևէ տեղեկություն չունի` «Նաիրիտի» ճակատագրում ինչ-որ բան փոխվել է վերջին շաբաթներին, թե ոչ:
Նշենք, որ մինչև տարեվերջ աշխատավարձի ողջ պարտքը վճարել նաիրիտցիներին Երվանդ Զախարյանը խոստացել էր դեռ սեպտեմբերին, երբ այցելել էր գործարան: Այդ խոստումը դրանից հետո բազմիցս վերահաստատվել է: