27/11/2014 19:19
ՊՆ-ում ամփոփվել են «Միասնություն-2014» զորավարժությունների արդյունքները
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցե խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Քննարկվել են զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվել դրանց շտկման ուղիները:
Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվել համապատասխան հանձնարարականներ:
«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացել են պարգևների: