27/11/2014 12:23
«Դեցիբելային պայքար». ԱԺ-ն վերջապես կկարգավորի գովազդը
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հերթական անգամ ԱԺ ուշադրությունն է դարձնում գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացման խնդրին: Մասնավորապես, պատգամավորը իր կողմից հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է արգելել այդ պրակտիկան և հիմնավորում է, որ գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը նպաստում է սթրեսային հիվանդությունների առաջացմանը և սրացմանը, երեխաների և մեծահասակների լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարմանը, ինչպես նաև ազդում է վեգետատիվ ֆունկցիաների վրա: Նրա կարծիքով՝ օրենքի նախագծի ընդունումը կապահովագրի հասարակությանը գովազդի հեռարձակման հնարավոր վնասակար հետևանքներից:
Նախագիծը երեկ քննարկվել է ԱԺ Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ժամանակ ծավալված քննարկման ընթացքում պատգամավորների կողմից հնչել են բազնաթիվ առաջարկներ, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակի կողմից:
Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն առաջարկել է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, հանգամանալից ուսումնասիրել տարբեր հեռուստաալիքներով տրվող հաղորդումների և գովազդի ձայնի բարձրացման աստիճանն ու պատճառները:
Կառավարության ներկայացուցիչ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նույնպես վկայում են, որ երբեմն գովազդի ընթացքում ձայնի բարձրացումը բերում է էմոցիոնալ անկայունության և նպաստում է նյարդային հիվանդությունների աճին: Փոխնախարարի կարծիքով՝ պետք է սահմանել գովազդի ձայնի բարձրացման շեմը բոլոր հեռարձակողների համար: Նախկինում եղել է հստակ չափանիշ՝ 40 դեցիբել, որի ազդեցությունը վնասակար չի եղել հեռուսատադիտողի վրա:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ամփոփելով հարցի քննարկումը, նշել է, որ խոսքը անբարեխիղճ գովազդի մասին է՝ անկախ նրանից ձայնն է կտրուկ բարձրանում, թե գույներն են արագ փոփոխվում: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն և հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի: