27/11/2014 16:01
Դրամի արժեզրկումը՝ որպես տնտեսության աշխուժացման և արտահանման խթանման գործոն
Օրեր առաջ դրամի կտրուկ արժեզրկումը դարձավ հանրային ամենատարբեր շերտերի համար քննարկվող առանցքային թեմաներից մեկը: Շարքային քաղաքացիների լայն շրջանակների մոտ մտահոգություն կա, որ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի և կենսամակարդակի նվազման, իսկ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ճշգրտման արդյունքում գնաճային մեծ ռիսկեր չկան և այն միտված է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին:
Որպեսզի առավել ցայտուն երևա, թե ինչի կհանգեցնի դրամի արժեզրկումը, այն պետք է դիտարկել՝ հաշվի առնելով և ներքին և արտաքին գործոնները: Մասնավորապես առաջին հերթին պետք է ընդունել, որ դրամի արժեզրկումը դոլարի արժևորման հետևանք է և նման միտումներ գրանցվել են նաև այլ երկրներում: Հեռուն չգնալու համար նշենք, որ վերջին 10 օրվա ընթացքում վրացական լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.5%-ով՝ մեկ դոլարի փոխարժեքը 1.75-ից հասնելով 1.83-ի լարիի: Վերջին անգամ վրացական լարին դոլարի նկատմամբ նման ցածր մակարդակ էր գրանցել 2010թ-ին: Վրաստանի ֆինանսների նախարարությունը լարիի արժեզրկումը կապում է միջազգային շուկաներում դոլարի արժևորման հետ: Այսինքն առաջին հերթին պետք է փաստել, որ կա դոլարի արժևորում և դրամի արժեզրկումը պետք է դիտարկել նաև այս համատեքստում:
Դրամի արժեզրկման հաջորդ պատճառը կապված է Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակի հետ: Ռուբլու շարունակական արժեզրկումը նվազեցրել էր ինչպես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների, այնպես էլ ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցների գնողունակությունը, այդ իսկ պատճառով դրամի արժեզրկումը դրական քայլ է և էապես կավելացնի տրանսֆերտների գնողունակությունը:
Դրամի արժեզրկման դրական արդյունքների մեջ առաջինը տեղում նշվում է արտահանման մրցունակության բարձրացումը: Այն իրապես միջազգային ընդունված պրակտիկա է, երբ երկիրը ազգային արժույթի արժեզրկման միջոցով զարկ է տալիս արտահանման խթանմանը: Բանն այն է, որ այլ հավասար պայմաններում ազգային արժույթի արժեզրկումը հայրենական արտադրանքը միջազգային շուկայում ավելի մրցունակ է դարձնում և հնարավորություն է ստեղծվում արտասահմանյան շուկաներում իրականացնել ճկուն գնային քաղաքանություն: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի արտահանումը աճում է ոչ բավարար տեմպերով, այս քայլը լրացուցիչ խթան է հայկական ապրանքների մրցունակության բարձրացման համար: Հարկ է շեշտել, որ այս խնդրի շուրջ խոսել է նաև Հայաստանի արտահանողների միության նախագահը՝ նշելով, որ դրամի բնականոն արժեզրկումը դրականորեն կազդի արտահանման վրա:
Ինչ վերաբերվում է հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առաջանալ գնաճի տեսքով, ապա պետք է նշել, որ այս տարի գնաճը բավականին թույլ է և սեպտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը նվազել է մինչև 1.5%-ի և գտնվում է նպատակային ցուցանիշների տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև: Այսինքն հաշվի առնելով, որ այս տարի գնաճը էապես ցածր է և Կենտրոնական բանկը հավաստիացրել է, որ ֆինանսական կայունության վրա մեծ ռիսկեր չի պարունակում, ապա այս պարագայում դրամի արժեզրկումը տնտեսության աշխուժացման պատճառ կդառնա: