27/11/2014 17:25
Հարկայինը` որպես «ձեռնարկատիրության դահիճ» չպետք է ընկալվի
Հարկային ծառայությանը որպես «ձեռնարկատիրության դահիճ» ընկալելու հիմքերը, կարծես թե, սահմանափակվում են:
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու խնդրին:
«Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին՝ թե՛ մակրոտնտեսական առումով, թե՛ մրցունակ միջավայր ստեղծելով, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Որպես մի այդպիսի քայլ՝ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջացառումները մեկ անգամով՝ մեկից ավելի ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մեզանում միշտ ընդունված է եղել, որ հարկային ծառայությունը լայն լիազորություններով օժտված մարմին է, որի քմահաճույքով է պայմանավորված ձեռնարկությունների ու տնտեսվարողների կայացումն ու բարգավաճումը: Եթե կառավարությունը, իրոք, հետևողականություն դրսևորի ու, համաձայն տրված հանձնարարության, հարկային մարմնի տեսուչը տարին մեկ անգամ այցելի տնտեսվարողին, այն է՝ բիզնեսին շնչելու հնարավորություն տա, բավական կարճ ժամանակում հնարավոր կլինի շոշափելի արդյունքներ գրանցել:
Հարկային ծառայության աշխատանքի կանոնակարգումը Հայաստանի պետական համակարգում գոյություն ունեցող ամենամեծ բացերից էր, որից հասարակության տարբեր շերտերի մոտ մեծ դժգոհություն կար: Այժմ պատկան մարմինները լավ հնարավորություն ունեն փոփոխելու թե՛ այդ մարմնի իրական արդյունավետությունը, թե՛ դրա վերաբերյալ ընկալումները:
Անչափ կարևոր է կոտրել հարկայինի հանդեպ առաջացած ատելությունն ու այդ մարմինը որպես բիզնեսի թշնամի ընկալելը: Անշուշտ, այս ամենը կարևոր է նաև հայ հասարակության մեջ բիզնես մշակույթի զարգացման առումով: