27/11/2014 12:40
Վարչապետն ասել է, որ պատրաստ ենք քննարկել այդ հարցերը, բայց երբ և ինչպես, դա այլ հարց է. Շարմազանով
«Վարչապետն ասել է, որ պատրաստ ենք քննարկել այդ հարցերը, բայց երբ և ինչպես, դա այլ հարց է»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նախօրեին արված հայտարարությանը:
Նշենք, որ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Հ .Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին ասել էր, որ իշխանությունները պատրաստ են քննարկել նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, որը, հիշեցնենք, առաջ էր քաշվում քառյակի կողմից:
Է. Շարմազանովն ասաց, որ իշխանությունը բաց է գաղափարական քննարկումների համար, բայց այն ուժերի հետ, որոնք մերժում են երկխոսությունը, խոսելու բան չունեն.
«Բայց այն ուժերը, որոնք պատրաստ են երկխոսելու, մենք էլ պատրաստ ենք, ինչպես այդ մասին ասել էր ՀՀ նախագահը, քննարկելու այդ 12 կետերից յուրաքանչյուրը: Իշխանությունը չի գնում երկխոսությունը վիժեցնելու ճանապարհով, իշխանության նպատակն է, որպեսզի խնդիրները քննարկվեն և լուծվեն»,- նշեց նա ու ավելացրեց, որ ինքն էլ բազմիցս կրկնել է` առանց երկխոսության չկա քաղաքականություն: Եվ իրենք պատրաստ են երկխոսության պատրաստ ու առաջարկ անող ուժերի հետ նստել և քննարկել.
«Եվ վարչապետի խոսքը հենց այս տրամաբանության մեջ է»:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ լիազորված է հայտարարելու, որ համաժողովրդական շարժման եռյակը ընդդիմության պահանջների 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների որևէ իմաստ չի տեսնում: