28/11/2014 17:09
«Դ!ԵՄ ԵՄ» թիմը խստորեն դատապարտում է ավտոմեքենաների վրա հարձակումները
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով խիստ դատապարտում է Նախախորհրդարանի անդամների վրա հարձակումները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Սույն թվականի նոյեմբերի 27-ին հրկիզվել են ՀՀ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող մի շարք ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներ, ինչպես նաև տեղի է ունեցել հարձակում ՀՀ քաղաքացի Գևորգ Սաֆարյանի վրա, որի հետևանքով նա ստացել է ծանր մարմնական վնասվածք: Վերոհիշյալ քաղաքացիների մեծ մասը հանդիսանում են Նախախորհրդարանի անդամներ:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը, այն որակելով որպես ահաբեկչական գործողություն ոչ միայն Նախախորհրդարանի, այլ նաև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ:
Նման նախադեպերը խիստ վտանգում են ՀՀ պետական անվտանգությունը, կոպտորեն ոտնահարում են քաղաքացիների հիմնարար իրավունքները, ինչպես նաև հղի են անկանխատեսելի հետևանքներով:
Կոչ ենք անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանն ու այլ պատկան մարմինների շուտափույթ կերպով նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ձերբակալել հանցախմբի բոլոր անդամներին ու նրանց պատվիրատուներին և ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»:
Նախորդող հրապարակում՝ «Նախախորհրդարանի» անդամի ավտոմեքենան հրկիզելու առթիվ հարուցվել է քրգործ