28/11/2014 09:07
Թևան Պողոսյան. Ես ի՞նչ իրավունք ունեի քաղաքացիների խնդրանքն արհամարհել
Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել 2015թ. բյուջեի վերաբերյալ առաջարկություններ: Մինչդեռ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեն, Եռյակը հայտարարեց, որ, ի նշան բոյկոտի, որևէ առաջարկ չեն ներկայացնելու:
«Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ չնայած խմբակցությունն ունի շատ առաջարկներ, սակայն չի ներկայացնի՝ բոյկոտելով բյուջեն: Հայտարարեց նաև, որ իրենք չեն վստահում այն «գործիքակազմին», որը պետք է կատարի բյուջեն: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ժառանգությունից» առաջարկներ ներկայացնողը Թևան Պողոսյանն է.
Տարբեր քաղաքացիներ, տարբեր կազմակերպություններ ինձ էին դիմել առաջարկություններով, մասնավորապես, Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Մի երկու գաղափար ես ինքս եմ առաջարկել, որոնց թվում՝ ԱԺ հանձնաժողովների նիստերն ամբողջությամբ ձայնագրելու և կայքում տեղադրելու վերաբերյալ տեխնիկական սարքերի հաշվարկներ և այլն»:
«Հրապարակի» հարցին՝ դրանով չի՞ խախտվում Եռյակի պայմանավորվածությունը, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ նման որոշում է ընդունվել, երկրորդ. երբ քաղաքացիները դիմում են պատգամավորին խնդրանքով, ես ի՞նչ իրավունք ունեի քաղաքացիների խնդրանքն արհամարհել»: