28/11/2014 12:00
Լ. Շիրինյան. Հայաստանը պետք է առաջին ջութակի դեր կատարեր աբխազական երկաթուղու վերաբացման գործում
«Ռուսաստանի նախագահը խոսում է ռազմավարական հեռահար նպատակներ ունեցող և Հայաստանի շահերից բխող նախագիծի մասին, այն է` վերագործարկել աբխազական երկաթուղին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը` ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Հայաստանը վերջնականապես շրջափակելու ծրագիր է հետապնդելու, իսկ Պուտինի առաջարկած աբխազական երկաթուղին կարող է ճեղքել Հայաստանի շրջափակումը:
«Երկիրը շրջափակելու ծրագիրը պատերազմական քայլ է համարվում, և Կարս-Թբիլիսի-Բաքու ծրագիրը Հայաստանը մեկուսացնելու ծրագիր է»,- նշեց Լ.Շիրինյանը:
Հայաստանի իշխանությունները, քաղաքագետի խոսքով, աբխազական երկաթուղու վերաբացման հարցում պասիվ դիտորդի կարգավիճակ են որդեգրել այն դեպքում, երբ Հայաստանը պետք է առաջին ջութակի դեր կատարեր աբխազական երկաթուղի վերաբացման գործում:
Լ. Շիրինյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ Վրաստանում իրականացնում է պասիվ քաղաքականություն և բավարարվում է այն փշրանքներով, որ Հայաստանին բաժին է ընկնում:
«Վրացական ուղղությամբ հայկական իշխանությունները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան»,- եզրափակեց խոսքը Լ. Շիրինյանը: