28/11/2014 20:20
Հայաստանը միացավ Մերձավոր Արևելքի անվտանգության ապահովմանը
Նախօրեին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:
Հայ խաղաղապահների գործուղումը Մերձավոր Արևելք ունի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ այսօր այդ տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ՝ կապված «Իսլամական պետության» ակտիվացման հետ:
Հայկական խաղաղապահ առաքելությունը երկար ընդմիջումից հետո կրկին վերադառնում է Մերձավոր Արևելք: 2005թ.-ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. հոկտեմբերին: Հայ խաղաղապահները ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:
Այս անգամ գործուղումը տեղի է ունենալու Լիբանան, որը Հայաստանի համար բարեկամ երկիր է և որտեղ առկա է ազդեցիկ հայ համայնքը՝ իր կառույցներով, դպրոցներով, եկեղեցիներով:
Հայ խաղաղապահներին ուղղված իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է.«Այսօր Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները:
Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը»:
Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի:
Անշուշտ հաճախ տրվում են թե ավելի մեծ և թե ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա: Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Այնտեղ են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի և Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը:
Սիրիային սահմանակցող 4 մլն բնակչություն ունեցող Լիբանանը սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր ընդունել է 1.300.000 սիրիացի փախստական, որոնց 70 %-ը կանայք և երեխաներ են, 30 %-ը՝ տղամարդիկ, որոնք անցել են պատերազմի բոհով և կարող են անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և ապակայունացնել իրավիճակը Լիբանանում:
Սիրիական ճգնաժամի հետևանքով Լիբանանում փախստականների ներհոսքի շնորհիվ ավելացել է սունիների թիվը, ինչը անհանգստացնում է էթնոկոնֆեսիոնալ փխրուն բալանսը պահպանող լիբանանյան ղեկավարությանը:
Լիբանանում այս պահին ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, պայմանավորված երկրում ծայրահեղ իսլամիստական «Իսլամական պետության» և «Ջաբհատ Ան-Նուսրայի» ակտիվությամբ, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում երկրի հյուսիսում:
Լիբանանի կառավարական բանակը հաճախ թեժ մարտեր է մղում իսլամականների դեմ: Բացի այդ, լարված է Լիբանանի նաև ներքաղաքական իրավիճակը: 2014թ.-ի մայիսի 24-ին լրացել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը և լիբանանյան խորհրդարանը արդեն 15 նիստ է գումարել, սակայն չի կարողացել նոր նախագահ ընտրել:
Խորհրդարանում նոր քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին: Այսպիսով, Լիբանանում տեղի են ունենում բավականին բարդ գործընթացներ և հայ խաղաղապահները իրենց ներկայությամբ ցույց են տալու, որ Հայաստանը ոչ միայն անվտանգություն սպառող, այլև անվտանգություն արտահանող երկիր է: