28/11/2014 15:32
Լսումներ. Հանրությունը դեռ պատրաստ չէ նույնականացման քարտի կիրառմանը
Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում խորհրդարանական լսումներ էին, որի ժամանակ քննարկվում է «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
Լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ռիսկերի են նոր բարեփոխումները պարունակում:
«Հիմա մենք անցել ենք նույնականացման քարտերին, նոր համակարգ է ներդրվել, քաղաքացին գումար է ծախսում ձեռք բերելու համար և այն դառնում է երկրորդ անձնագիր, եթե դա չի կիրառում, ի՞նչ ռիսկեր կան այստեղ: Համակարգը հետ չի՞ ընկնում, քանի որ անհատական բազան հավաքելը մեկ օրվա խնդիր չէ»,- հարց ուղղեց պատգամավորը, որին ի պատասխան Բախշյանն արձագանքեց, թե ի սկզբանե հանրային ծառայությունների համարանիշները դրվել են հանրային ծառայությունների մատուցման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:
«Մարդիկ փող չեն ծախսում, որպեսզի գնան հարկեր և տուրքեր վճարեն: Ճիշտ է, մարդկանց մոտ դժգոհություններ առաջանում են, երբ բացատրում ենք նրանց, որ այդ հանրային ծառայութունների համարանիշները պետք է ստանան, որպեսզի գնան տեղական տուրքը, հարկը վճարեն: Այս առումով մենք բազում խնդիրներ ունենք»,- նկատեց Արտաշես Բախշյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կան որոշակի ռիսկեր, որոնք քննարկելու ու հաշվարկելու համար պահանջվում է ժամանակ:
«Հանրայիհ ծառայությունների համարանիշը շատ կարևոր բաղադրիչ է, որ պետք է օր առաջ կյանքի կոչենք: Դրանց նպատակն է հանրային ծառայությունների սոցիալական ծառայությունների համար ունենալ համարանիշեր: Սա շատ կարևոր գործընթաց է, որը վերացնում է մի շարք թերություններ, բայց պետք է նկատել, որ դրան զուգահեռ առաջանում են հարկային խնդիրներ: Պետք են շատ ավելի լուրջ ու խորը բարեփոխումներ, որի համար պահանջվում է տևական ժամանակ»,- ասաց Ա. Բախշյանը՝ ընդգծելով նաև, որ լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար նախ պետք է շատ արագ աշխատել, իսկ հետո լավ մտածել, որպեսզի կարողանան հաշվարկել բոլոր ռիսկերը:
Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց նաև, թե այդ խնդիրները գումարայի՞ն, տեխնիկակա՞ն, թե՞ ֆինանսական են, որին ի պատասխան Բախշյանն ասաց.
«Ե´վ վարչական են, և´ ֆինանսական և´ կազմակերպչական, և´ համակարգային: Տեղական տուրքերի և հարկերի վճարների ընդունման մասով պատրաստ չենք հանրային ծառայությունների համարանիշները կիրառելու: Կառավարությանը մենք առաջարկել ենք հանել հանրայի տուրքերը պարտադիր վճարելը: Կրկնում եմ՝ այս համակարգը ներդրվել է հանրային ծառայությունները մեղմելու համար, սակայն քաղաքացիների շրջանում դժգոհություններ են առաջացել, որի համար փորձում ենք այդ դժգոհությունները մեղմել»: