28/11/2014 13:20
Հարկայինն այլևս չի զզվեցնի
Ռուսաստանի տնտեսական դժվարությունները արդեն իսկ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսական դրության վրա: Դրամի արժեզրկման ֆոնին պետության համար առաջնահերթություններից մեկն է դառնում խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից:
Պետությունը պետք է արդյունավետ միջամտի տնտեսվարողի գործունեությանը և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի տնտեսվարողին: Այս առումով շատ կարևոր է, որ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները այսուհետ սահմանափակվելու են մեկ անգամով` մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլատվությանը:
Սա կառավարության վերջին նիստում վարչապետի հնչեցրած մեսիջն էր՝ առաջին հերթին ուղղված գործարարներին ու պոտենցյալ ներդրողներին:
Խնդիրն այն է, որ ստուգումների հետևանքով տնտեսվարողները ներքաշվում են որոշակի լարվածության մեջ, ինչն անխուսափելիորեն ազդում է նրանց աշխատանքի արդյունավետության վրա: Փորձը ցույց է տվել, որ հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումները տնտեսվարողների մոտ բազմաթիվ անգամ դժգոհություններ են հարուցել: Եղել են դեպքեր, երբ հարկայինի աշխատակիցները 6-ից 8 ամիս մնացել են ոչ մեծ բիզնեսի ներկայացուցիչներին պատկանող ձեռնարկություններում:
Հետաքրքրական է, որ հարկային մարմինների կողմից իրականավող ստուգումների կրճատումը դրական է գնահատվել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից: ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը նշել է. «Այդ որոշումը վատը չէ: Հիմա, եթե ինչ-որ մի դրական քայլ է արվում նախորդ կառավարության քաղաքականությունից շեղվելու, ապա դա միայն պետք է ողջունել»: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդգծել է, որ, ըստ էության, այդ որոշումով կրճատվում է հարկային վարչարարությունը, իսկ ինչ մնում է կիրառմանը, ապա ժամանակը ցույց կտա:
Ամփոփելով՝ նշենք, որ մնում է միայն սպասել խնդրի հետ կապված մի շարք քայլերի որոշակիացմանը և որոշման արդյունավետ կիրառմանը: