28/11/2014 19:22
Միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատել Լեյլա Յունուսին
Ժնևում տեղակայված Կտտանքների դեմ պայքարող միջազգային կոմիտեն և Հանուն մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, բանտում գտնվող Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ:
Contact.az-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները իրենց մտահոգություն են հայտնել Յունուսի առողջության կապակցությամբ և կոչ են արել ուժեղացնել ճնշումները Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի փրկեն նրա կյանքը:
Կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանի իշխանություններից անհապաղ միջամտել՝ Յունուսի ֆիզիկական և հոգեբանական ճնշումները դադարեցնելու և նրան ազատելու համար:
Հիշեցնենք, որ բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքի ընկեր և բժիշկ Ազադ Իսազադեն նախօրեին հայտարարել է, որ ձերբակալված Լեյլա Յունուսի առողջական վիճակը գնալով վատթարանում է՝ չնայած քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հայտարարություններին:
Իսազադեն նախօրեին հեռախոսով զրուցել է Յունուսի հետ, ով բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից և հայտնել, որ նիհարել է 12 կգ-ով:
Իսազադեն նշել է, որ Յունուսի ատամներն և մազերը թափվում են, շաքարի մակարդակը արյան մեջ հասել է 220-ի, նա թուլացել է և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Յունուսը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մինչև տարվա վերջ չի ձգի:
Իսազադեն, մեջբերելով Յունուսին, նշել է, որ նրան ստիպում են կոտրվել, հետ կանգնել իր գործից, սակայն նա չի պատրաստվում շեղվել իր ընտրած ուղուց:
Բժիշկը հավելել է, որ վախենում է Յունուսը կենդանի չմնա մինչև ազատ արձակվելը, իսկ հայտնի իրավապաշտանի մահը լուրջ հարված կլինի Ադրբեջանի իմիջին:
Ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը վերջերս հայտարարել էր, որ վերջին օրերին կտրուկ վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը:
Գամբարովը նշել է, որ Յունուսի մոտ սկսվել է լյարդի քայքայման գործընթաց, նկատվում են ճնշման տատանումներ, ինչը թերսնվելու արդյունք է:
Յունուսը այդ ընթացքում կորցրել է 10 կգ: Յունուսը տառապում է շաքարախտով, իսկ հուլիսին ձերբակալվելուց հետո նա համապատասխան բուժօգնություն չի ստացել: Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ:
Մինչ այդ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը հայտարարել էր, որ իրեն զրկել են Յունուսին պաշտպանելու հնարավորությունից: Բագիրովը նշել է, որ իրեն չեն թողել Յունուսի մոտ՝ Բաքվի թիվ 1 մեկուսարան: Մինչ այդ, հեռացվել էր Յունուսի մեկ այլ դատապաշտպան Ջավադ Ջավադովը: