28/11/2014 19:00
Շ. Թորոսյան. Դա Նիկոյանի իրավունքն է, ես չեմ խախտի պայմանավորվածությունը
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն այսօր Ազգային Ժողովում փակ հանդիպմման է մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Aysor.am-ի հետ զրույցում հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն ասաց, որ քննարկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը` աբխազական երկաթգծի վերագործարկման մասով և ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասել է.
«Այդ մասին եղել է հարցադրում. ԱՄՆ դեսպանը ասաց, որ իրենք ողջունում են ցանկացած նման կոմունիկացիոն հնարավորությունների ստեղծում ՀՀ համար: Հեֆֆերն ասաց, որ ողջունում է ցանկացած կոմունիկացիայի առկայությունը, որն օգտակար կլինի Հայաստանի համար»:
Սակայն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Շիրակ Թորոսյանը Aysor.am-ին ասաց, թե հանդիպումը կոնֆիդենցիալ է եղել, այդ իսկ պատճառով հանդիպման վերաբերյալ որևէ հարցի չի կարող պատասխանել:
«Չեմ կարող խախտել պայմանավորվածությունը»,- ասաց նա: Նկատառմանը, որ Ս. Նիկոյանը խոսել է, Շ. Թորասյանն ասաց, որ դա գործընկերոջ իրավունքն է, բայց ինքը չի պատրաստվում խախտել պայմանավորվածությունը:
Ինչ վերաբերում է աբխազական երկաթգծի վերագործարկմանը ու հատկապես այն հանգամանքին, որ վրացական կողմը Արևմուտքի հետ բացասական արձագանքեց դա նախատեսող ռուս-աբխազական համաձայնագրի կնքմանը, Շ. Թորոսյանը միայն ասաց, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում` Արևմուտքի քաղաքական շահախնդրությունները նկատի ունենալով կարող է ենթադրել այդ բացասական արձագանքը.
«Բայց ես ծանոթ չեմ որևէ մի պաշտոնական տեսակետի, որ ԱՄՆ-ում դեմ են երկաթգծի վերագործարկմանը»:
Նախորդող հրապարակում՝ ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթգծի վերագործարկումը. Ի՞նչ է ասել Հեֆֆերնն ԱԺ պատգամավորներին