28/11/2014 17:40
Նոր մանրամասներ խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի դուրսբերման հատուկ գործողությունից
«Խոցված ուղղաթիռը գտնվել է հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հատուկ գործողությունը ենթադրում էր կատարման հստակ ժամանակացույց, քանի որ այն շատ երկար չպետք է տևեր», - այս մասին hayzinvor.am կայքի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ ներկայացնելով նաև նոր մանրամասներ հայ զոհված օդաչուների դիերի դուրսբերման գործողության վերաբերյալ:
Ըստ Կարապետյանի, եթե հայկական կողմը գործեր տեսական, ռազմարվեստում ընդունված մեթոդներով, պետք է որ այդ քայլին չգնայր, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ էր: Այնինչ զոհված սպաների դիակներն ստիպեցին կայացնել աննախադեպ որոշում: Գեներալը կարծում է, որ մեր հակառակորդը փոխվել է, լկտիացել, առավել նենգ է դարձել, քանի որ նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ կողմերը դիերը դուրս բերելու հարցում կարողանում էին պայմանավորվել:
Կարապետյանը պատմել է, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողները գործողության ընթացքում ամբողջովին ոչնչացրել են հակառակորդի ստեղծած ծուղակը, մասնավորապես՝ հակառակորդի ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները՝ ավելացված դիպուկահարներ, նոր դիրքերի լրացուցիչ գնդացրորդներ, լուսարձակներ, որով լուսավորում էին տեղանքը: