28/11/2014 19:12
Ուկրաինան դադարեցնում է Դոնբասի 252 ձեռնարկության աշխատանքը
Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարությունը այսօրվանից դադարեցնում է Դոնբասում գործող 252 ձեռնարկությունների աշխատանքը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների իրականացման վայրից դեպի Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ է դուրս բերվելու ձեռնարկությունների գույքը, փաստաթղթերը և աշխատակիցները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 15-ին հրաման է ստորագրել, որով դադարեցնում է Դոնբասում բյուջետային ձեռնարկությունների աշխատանքը և բանկային հաշիվների սպասարկումը:
Հիշեցնենք, որ Մայդանից մեկ տարի անց Ուկրաինան կարծես թե վերջնականապես որդեգրել է եվրոատլանտյան կառույցներին անդամակցելու քաղաքականություն և ցանկանում է ձերբազատվել դաշինքներից դուրս գտնվելու իր հատուկ կարգավիճակից:
Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշենկոն(2005-2010) որդեգրել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղենիշ, սակայն նրան փոխարինած և ռուսամետի համբավ ունեցող Վիկտոր Յանուկովիչը(2010-2014) օրենսդրորեն ամրագրեց Ուկրաինայի դաշինքներից դուրս գտնվելու կարգավիճակը, որն այժմ ցանկանում են կրկին անգամ չեղյալ հայտարարել:
Մայդանից մեկ տարի անց Ուկրաինան գտնվում է նախադեֆոլտային իրավիճակում և շատ տնտեսագետների կարծիքով ուկրաինական տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ: Ազգային արժույթը՝ գրիվնան տարվա սկզբից արժեզրկվել է 100%-ով, երկրի ոսկու պաշարները կրճատվել են 12.5 միլիարդ դոլարով, նախատեսվում է ՀՆԱ-ի 7%-ոց անկում: Դոնբասում տեղի ունեցած պատերազմը միայն խորացրել է ուկրաինական տնտեսության ճգնաժամը:Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտադրվում էր տնտեսության ՀՆԱ-ի 16%-ը և արդյունահանվում ածխի 95%-ը:
Սեպտեմբերին Լուգանսկում արտադրությունը նվազել է 85%-ով, Դոնեցկում՝ 60%-ով:
Գյուղատնտեսական ոլորտը չի աճում և հետընթաց է ապրում: Արժույթի միջազգային հիմնադրամը Կիևին ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ պահանջելով իրականացնել բարեփոխումներ և կրճատել սոցիալական ծախսերը, ինչն էլ հանգեցնում է հասարակության դժգոհությանը: