28/11/2014 16:58
Ջ. Փեհլիվանյան. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք պետք է միասին և պահանջող լինենք
Նոյեմբերի 29-ին` ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Բեթհովենի 9–րդ սիմֆոնիան՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Համերգային երեկոյի դիրիժորն է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը:
Բեթհովենի 9–րդ սիմֆոնիան համարվում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Երաժշտագետների կողմից սիմոնիան դասվում է կոմպոզիտորի գլուխգործոցների շարքում, որը նա ստեղծել է՝ արդեն ամբողջովին խուլ վիճակում:
Օպերային թատրոնի հետ համատեղ հանդես գալու հրավերը Ջ. Փեհլիվանյանը ստացել է ՀՀ մշակույթի նախարարությունից և Օպերային թատրոնի ղեկավարությունից:
«Ինձ համար մեծ հաճույք է նման մեծ խմբի հետ ելույթ ունենալը` Օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը և սոլիստները միասին մեկ բեմում են լինելու: Քսան տարի է` Ֆիլհարմոնիայի հետ եմ աշխատում, բայց օպերային թատրոնը դեռ չեմ ղեկավարել: Այս սրահի մեջ մայրս` Արփինե Փեհլիվանյանը, Անուշ է երգել տարիներ առաջ: Հիսուն տարի անց ես եմ գալիս և հայ ժողովրդի ու հայ մշակույթի համար համերգ տալիս նույն դահլիճում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտը:
Ջ. Փեհլիվանյանն ամբողջ աշխարհով մեկ ղեկավարել է նվագախմբեր, որոնք կատարել են 9-րդ սիմֆոնիան: Հայտնի ջութակահար և դիրիժորը ծնվել է 1964 թվականին Բեյրութում: 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Իսկ ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից: Որպես դիրիժոր երաժիշտը հանդես է եկել 1987-ից՝ Նյու Յորքի Կառնեգի Հոլում:
«Սա այնպիսի երաժշտություն է, որը կարող է միացնել ազգերը, աշխարհը: Զանազան երկրներում կատարել եմ այս ստեղծագործությունները, երբ բեմում անգամ 600-700 երաժիշտներ են եղել: Հուսով եմ, որ կարողանալու ենք այս շնչով վարակել հայ ժողովրդին և միացնել ամբողջ աշխարհի մեջ»,- ասաց դիրժորը` ընդգծելով, որ հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մեր միացումը շատ կարևոր է: «Պետք է միանանք և ասենք, որ մենք այստեղ ենք և պահանջ ունենք»,- ընդգծեց նա:
Խոսելով 9-րդ սիմֆոնիայի մասին` երաժիշտը ընդգծեց, որ իր հիմնական խնդիրն է հայ հանդիսատեսին ստեղծագործությունը մատուցել մեծ էներգիայով և տարբեր գույներով, ինչպես նաև հասանելի դառնա իր ինտերպրետացիան:
Նա մանրամասնեց, որ դեռ երեկ արդեն հասցրել է լսել այն Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ և շատ հավանել.
«Պետք է շատ աշխատի մեր նվագախումբը: Ես աշխարհի լավագույն երիտասարդ նվագախմբերի հետ եմ աշխատել, շատ բարձր մակարդակի են: Մեր Հայաստանի երիտասարդները դեռ այդ մակարդակի չեն, բայց կարող են հասնել, անշուշտ պետք է հասնեն: Ես էլ այդ հարցում կարող եմ իրենց օգտակար լինել»: