28/11/2014 09:37
ՏՄՊՊՀ-ը մայրաքաղաքի խոշոր խանութներում գնային մոնիտորինգներ է անցկացնում
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մայրաքաղաքի խոշոր խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնային մոնիտորինգներ անցկացնելու նպատակով: Այս մասին «Հայկական Ժամանակին» երեկ ասել են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից: Նման որոշման համար, թերևս հիմք են հանդիսացել տաբեր ապրանքների թանկացման մասին տեղեկությունները:
Արձագանքելով դրամի արժեզրկմանը՝ սպառողական շուկայում մի շարք ապրանքներ թանկացել են: Փոքր խանութներից մեկի աշխատակցուհին «Հայկական Ժամանակի» թղթակցին մանրամասնել է, որ եթե նախկինում, օրինակ շաքարավազը մեկ կգ-ն մատակարարից ստանում էին 333 դրամով, արդեն 2 օր առաջ ձեռք են բերել 352-ով: Իսկ 720 դրամ արժողությամբ 1 լիտր ձեթն այդ նույն օրը ստացել են 735 դրամով:
Սուպերմարկետների աշխատակիցներից թերթը տեղեկացել է, որ առհասարակ թանկացել է նպարեղենը: