28/11/2014 11:36
Զ. Փոստանջյան . Այլ տարբերակ չկա` «Ժառանգությունը» պետք է սատարի Փաշինյանին
«Ցավոք, այս պահին հիմնավորումը հետևյալն է` միևնույն է՝ հաջողություն չի ունենալու իմպիչմենտի գործընթացը: Բայց արդեն իսկ, երբ ստորագրում ես, դա հաջողության սկիզբն է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով այն, որ եռյակի ուժերից երկուսը` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը փաստացի հայտարարել են, որ չեն միանալու Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվելիք Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին:
Զ. Փոստանջյանն ասաց, որ եթե այդպես առաջնորդվեր այն ժամանակ, երբ երկար տարիներ աշխատել է որպես փաստաբան, ապա մեր դատական համակարգից հաջողություններ կամ հաղթանակներ չէր սպասի ու չէր ակնկալի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմացինդ կազմակերպված բիրտ ուժ է: Բայց տվյալ դեպքում սա շատ լավ գործիք է, որն, ըստ պատգամավորի, հնարավորություն է ընձեռելու ազատվելու Սերժ Սարգսյանից.
«Հիշենք համաշխարհային նախադեպերը. Երբ 1974 թ-ին նախագահ Նիկսոնի նկատմամբ սկսվեց իմպիչմենտի գործընթացը, ապա այն այդպես էլ չհասավ իրավական ավարտին, քանի որ այդ անձնավորությունը պաշտոնանկության հանգուցալուծման սպառնալիքի ներքո ինքը հրաժարական տվեց: Հիմա տեսեք, գործիքը ունենք, ուզում ենք ու հայտարարել ենք ամբողջական իշխանափոխություն, մենք պետք է սկսենք` առանց սպասելու, թե ինչպես դա կավարտվի, գուցե հանգուցալուծումը մեր ուզածի պես չլինի և այլն»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Երբ հիշեցրեցինք, որ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը այս նախաձեռնության մասով ասել էր, որ չի հասկանում, թե ինչ նպատակ է հետապնդում Ն. Փաշինյանը, քանի որ ավելի քան հասկանալի է, որ իշխանությունը պատրաստ չէ հանձնվել, ավելացրեց.
«Կարևորը մենք ենք պատրաստ: Եվ հենց դա է այս գործընթացի կարևոր գործոններից մեկը: Այնպես որ հիմա մենք հայտարարում ենք, որ ունենք այդ գործիքը և պետք է դրա տակ ստորագրենք»:
«Ժառանգության» ներկայացուցիչը հիշեցրեց, որ արդեն առաջարկել է, որպեսզի Ն. Փաշինյանի փաստաթուղթը նաև համահեղինակ ունենա, որպեսզի ավելի ուժեղ փաստաթուղթ լինի, առավել ևս, որ սա քաղաքական գործընթաց է, ընթանում է քաղաքական մարմնում և ուղղակի անհրաժեշտ է, երբ դու անկեղծ ես ու հայտարարում ես ամբողջական իշխանափոխության մասին:
Հարցին` եթե «Ժառանգությունը» որոշում կայացնի միանալ ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին, այսինքն չսատարել Ն. Փաշինյանին, ի՞նչ որոշում կկայացնի ինքը, ով հենց առաջին օրվանից ողջունել էր Փաշինյանին, Զ. Փոստանջյանն ասաց, որ իմպիչմենտի անհրաժեշտության մասին առաջին անգամ չէ, որ հնչում է և շնորհակալ է Ն. Փաշինյանին, որ այս գործընթացի մեկնարկը վերցրեց իր վրա: Եվ առաջին անգամ չէ, հիշեցրեց նա, որ «Ժառանգությունը» հայտարարել է այդ մասին` մեկ տարի է, ինչ կուսակցությունն ասում է, որ Սերժ Սարգսյանից պետք է ազատվենք: Եվ անհրաժեշտ էր այդ փաստաթուղթը: Այլ կերպ ասած` Զ. Փոստանջյանը այլ տարբերակ չի տեսնում, քան այն, որ «Ժառանգությունը» պետք է սատարի Ն. Փաշինյանին.
«Մինչև վերջերս անգամ չկար հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն: Հիմա հայտարարված է, սա էլ գործիքն է, ընդ որում շատ լավ գործիք: Եվ բոլորը պետք է դառնան համահեղինակ ու առաջ տանեն այն: Այլ մտածելակերպով ուրեմն ընդհանրապես պետք չէ պայքարել»:
Անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկությանը, թե կուսակցության ակտիվը, այդ թվում ինքը, դժգոհ է Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականությունից ու պասիվությունից, Զ. Փոստանջյանն ասաց կարճ ու կոնկրետ.«Նման բան չկա»:
Իսկ եռյակի գործունեության մասով էլ ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է` սա խորհրդարանական համագործակցություն է, որը ողջունելի է և ցանկալի է, որ այն շարունակվի, բայց նաև ցանկալի է, որ այս խորհրդարանական համագործակցությունը ավելի լայն շրջանակ ընդգրկի, ինչն այսօր չունենք և վերածվի իրապես հայ ժողովրդի շահը սպասարկող, միասնական օրակարգ ունեցող գործընթացի: Դա, կրկնեց Զ. Փոստանջյանը, դեռ չենք տեսել:
Հիշեցնենք, Ն.Փաշինյանը տեղեկացրել էր, որ իմպիչմենտի նախագիծը արդեն այսօր կներկայացնի հանրությանը: