28/11/2014 21:06
«Քաղաքում» սերիալի Մխո. Ամեն դեպքում, ես քյարթու չեմ
Դերասան Հովհաննես Դավթյանը, ով հայտնի է հեռուստասերիալներում խաղացած իր դերերով, դեկտեմբերի 14-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կներկայացնի իր «Անքնություն» STAND UP կատակերգությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ներկայացման ժանրը իրեն շատ հոգեհարազատ է, իսկ գլխավոր թեման՝ արտագաղթը:
«Մոտավորապես 2 ժամ տևող ներկայացում է, որտեղ շոշափվում են առօրյա կյանքից վերցված թեմաներ: Ինչո՞ւ «Անքնություն»: Ասեմ, որ այդ պրոբլեմը ես իրականում ունեմ, և ներկայացնում եմ, թե ի՞նչն է այդ անքնության պատճառը՝ դա կլինեն անընդհատ խանգարող մարդիկ, աղանդավորները, բակում երգող մուրացկան պապիկը, որը ահնգեցնում են նրան, որ մարդ ուզում է փախչել այս երկրից, սակայն ավարտը լավատեսական է և կոչը ժողովրդին այն է, որ ճիշտը մնալն է և համբերելը, որովհետև մնում է նույնիսկ մուրացկան պապիկը, որովհետև նա համոզված է, որ բոլորը մի օր հետ են գալու: Պապիկը դրամատուրգիական գծով գնում է ողջ ներկայացման ընթացքում, նրան անդրադարձ միշտ կա և պապիկի կերպարի շուրջ է ծավալվում հիմնական սցենարը և նրա միջոցով ասվում է, որ պետք չի արտագաղթը խորացնել, այլ մնալ երկրում: Ավարտը, բնականաբար, լավատեսական է, ոնց որ բոլոր սյուժեներում»,-ասաց նա:
Հարցին՝ կարծու՞մ եք, արտագաղթն է թիվ մեկ խնդիրը, դերասանը պատասխանեց. «Խնդիրներ շատ կան, բայց գլոբալ առումով թիվ մեկ խնդիրը արտագաղթն է մեր երկրում: Իհարկե, կան դրան հանգեցնող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրներ կան, որոնց հիման վրա մեծ տեմպերով արտագաղթ է սկսվում»:
Հարցին՝ արդյոք ինչո՞ւ է «բնականաբար ներկայացման ավարտը լավատեսական», դերասանը պատասխանեց.
«Լավատեսական է բոլոր դեպքերում, որովհետև այդպես պետք է լինի: Կարծում եմ, պետք չի պեսիմիստական շնչով փակել ներկայացումը, որ մարդիկ նեղված դուրս գան: Ներկայացումը այնպես է մտածված, որ մարդիկ 2 ժամ անդադար ծիծաղեն, բայց վերջում լուրջ գիծ է մտցվում, որ ներկայացումը հանդիսատեսին նաև մտածելու տեղիք տա»,-ասաց նա:
Դերասանի խոսքով՝ կատակերգության ժանրը իրեն շատ հոգեհարազատ է, թե իրեն պատկերացնում է նաև այլ ժանրերում:
«Ես մասնագիտությամբ դերասան եմ և չեմ կարող ասել, որ ուրիշ ժանրում հանդես չեմ գա, և յուրաքանչյուր դեր կարող եմ մարմնավորել՝ անկախ ժանրից: Պարզապես կատակերգական ժանրը մանկուց ինձ հոգեհարազատ է, թե ընտանեկան, թե ընկերական, թե մասնագիտական միջավայրում ծիծաղեցնողի կերպարում եմ եղել, որովհետև սիրում եմ մարդկանց ժպիտ պարգևել»,-ասաց նա:
Հարցին՝ այս կատակերգության նպատակը ո՞րն է՝ միայն ծիծաղեցնելը և դրանով լավին տրամադրելը, Հովհ. Դավթյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին ծիծաղը, ժպիտը պակասում է: Փողոցում 10-ից 1-2 դեմքին կտեսնես ժպիտ, նրանց դեմքին միայն հոգս ու տխրություն ենք տեսնում: Սերիալներում էլ տեսնում ենք միայն դավաճանություն, ծեծ, կռիվներ, կատակերգությունը պետք է կտրի մարդկանց հոգսերից»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն, կարծում է, դա՞ է կատակերգության հիմնական նպատակը, դերասանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ այս ժողովրդի մեծագույն խնդիրը նաև դա է: Ես հարցին թատերական տեսանկյունից չեմ մոտենում, այլ կիսաէստրադային, իսկ դասական կատակերգությանը չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դա իմը չէ: Ես փորձել եմ մի քիչ ավելի ժամանակակից առումով մոտենալ դրան»,-ասաց նա:
Հարցին՝ 13 տարի աշխատել եք Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, բայց հայտնի եք դարձել սերիալներում խաղացաց դերերով, արդյոք դա վիրավորական չէ, Հովհ. Դավթյանը պատասխանեց.
«Վիրավորական չի, որովհետև զուտ քանակի առումով դահլիճը կարող է տեղավորել մինչև 1000 մարդ, իսկ հեռուստատեսությամբ մի սերիալում խաղալով՝ կարող ես շատ արագ հայտնի դառնալ: Բացի այդ, ժողովուրդը այլևս առաջվա նման թատրոն չի այցելում, ինչքան դիտում է հեռուստացույց»,-ասաց նա:
Հարցին՝ արդեն մի քանի տարի «Բանակում», հետո էլ «Քաղաքում» սերիալում մարմնավորում է Մխոյի դերը, արդյոք իր կենցաղում կա՞ն կամ անցել են այդ կերպարից որոշ գծեր և ինչպե՞ս է վերաբերվում իրենց «քյարթու» համարող մարդկանց վարքագծին, դերասանը պատասխանեց.
«Նմանություններ Մխոյի հետ չկան և իմ կենցաղ էլ չեն կարող անցնել, քանի որ այդ կերպարը գոյություն ունի միայն նկարահանման հրապարակում: Քյարթու ասվածը հարաբերական է, այն շատ մեծ հասկացություն է, ամեն դեպքում ես նման ապրելակերպ չունեմ, կան բաներ, օրինակ՝ ավանդապաշտությունը, որ գնահատելի է նրանց կյանքում: Ամեն դեպքում, ես քյարթու չեմ»,-ասաց նա: