28/11/2014 18:39
Հայաստանը գնում է ԵՏՄ՝ ԱՄՆ-ի պահանջով. Մանուչարյան
«Ցանկացած երկիր ինքնիշխանությունը կորցնում է, երբ նույն երկրում հաստատվում են խորթ արժեքներ, իսկ իշխանությունը ծառայում է օտար ուժերի՝ կատարում նրանց հանձնարարությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը՝ նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա հիշեց 1988 թվականի նոյեմբերի 24-ը, երբ Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից արձանագրվեց անկախության առաջին հռչակագիրը և ընդգծեց, որ այսօր ունենք անկախ Հայաստան, սակայն դրան զուգահեռ ունենք նաև իշխանության մի ընտրանի, որոնք կապ չունեն այս ժողովրդի ու այս Հայաստանի հետ: «Հայաստանում քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, իսկ 10%-ը՝ Ռուսաստանի: Նրանք շատ հեշտ խաղալիք են դառնում այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին, իսկ այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Եվրոպան այսօր ինքն իրեն չի գտնում: Եվրոպայի անվան տակ այսօր ևս գործում է ԱՄՆ-ն: Մենք չենք կարողանում որևէ հարաբերություններ հաստատել որևէ այլ երկրի հետ այս երկուսի պատճառով»,-ասաց նա:
Որպես օրինակ՝ Մանուչարյանը հիշեց նաև Հայաստանում երկու քրեական գործ, որոնցից մեկը կապված էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի, մյուսը քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ:
«Մոտավորապես երկու տարի առաջ Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ սեփական հիմնադրամի փողերը ծախսելու համար, որի համար գործ էր հարուցվել: Իսկ մյուս գործով մեղադրանք էր առաջադրվել Հմայակ Հովհանիսյանի նկատմամբ, ով մեղադրվում էր մի կնոջ քաշքշելու համար: Անցավ ժամանակ, Օսկանյանին այցելեցին քսան դեսպաններ ու գործը կարճվեց, իսկ Հմայակին գիշերվա մթին այցելեց Ռուսաստանի դեսպանը, բայց նրա գործը չկարճվեց, որի հետևանքով նա շատ բան կորցրեց»,- նկատեց նա:
Հարցին՝ եթե Հայաստանի քաղաքական ընտրանին 90%-ով սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, ապա ինչո՞ւ որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, Մանուչարյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանը գնում է ԵՏՄ՝ ԱՄՆ-ի պահանջով: «Ռուսաստանը իր շրջակա տարածքներում ավելի մեծ հզորություն ունի, բայց իրականում Հայաստանի ողջ պետական համակարգը դարձրել է այսօր ամերիկյան: Եթե ԱՄՆ-ն թույլ չտար, որ Հայաստանը գնար ԵՏՄ, ապա Ռուսաստանը իր մարդկանց այստեղ կակտիվացներ ու ամերիկյան բուրգը կփլվեր: ԱՄՆ-ն չի ուզում բուրգը փլվի, դրա համար թույլ տվեցին, որ մերոնք ստորագրեն համաձայնագիրը»,- ամփոփեց իր միտքը Մանուչարյանը:
Նախորդող հրապարակում՝ Բոլոր կուսակցությունները ծառայում են փողի աստծուն. Մանուչարյան