28/11/2014 14:53
Բոլոր կուսակցությունները ծառայում են փողի աստծուն. Մանուչարյան
Հայաստանի բոլոր կուսակցությունները ծառայում են նույն աստծուն՝ փողին: Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական խորհրդարանական եռյակին:
Մանուչարյանի համոզմամբ՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն գտնում, թե փողը չպետք է լինի պաշտամունք, այդ ուժերը չեն ծառայում ժողովրդին և չեն սպասարկում նրանց շահերը:
«Այն ուժերը, որոնք չեն դնում այն հարցը, որ փողը չպետք է լինի Աստվածը և ցույց չեն տալիս ճանապարհը, ուրեմն այդ ուժերը սպասարկում են նորից փողին»,-ասաց նա:
Մանուչարյանի կարծիքով՝ այսօր քաղաքական ուժերը բաժանվել են երկու մասի: Մի մասն, ըստ նրա, քարկոծում է եռյակին, մյուս մասը՝ իշխանությանը, իսկ ժողովուրդը այդ երկուսին արանքում ընկած փորձում է կողմնորոշվել:
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Նախագահին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը՝ Ա. Մանուչարյանը նախ նկատեց, որ ըմբոստ մարդկանց առկայությունը միշտ էլ լավ է Խորհրդարանում, իսկ հետո հավելեց.
«Կա մի բայց. Նրա ասածները փիլիսոփայության իմաստով փողի վարդապետությունից դուրս չեն, նա պայքարում է, որ փողը բաժանվի սահմանադրական կարգով: Այսօր խնդիրը նրանում է, որ մարդուն վերադարձվի իր կերպարը»: