28/11/2014 13:46
3 ամսվա ընթացքում ԵՊՀ 33 դասախոս դուրս է եկել աշխատանքից
Վերջին 3 ամսվա ընթացքում ԵՊՀ 33 դասախոս դուրս է եկել աշխատանքից։ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի կարծիքով՝ պատճառը ֆինանասկան դժվարություններ են, որոնք առաջացել են կուտակային կենսաթոշակների պատճառով:
«Երիտասարդ դասախոսները լքեցին համալսարանը, քանի որ ֆինանսական դժվարություններ ունեին՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի հետևանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2014թ. հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշմանն, ասաց նա:
Նա ընդգծեց, որ թեև դասախոսները կարևորում էին բուհում աշխատանքը, սակայն ստիպված եղան հեռանալ:
Հիշեցնենք, որ այս հարցով նրանք դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց հարցը դեռ լուծված չէ։
Ա. Ավետիսյանն ընդգծեց, որ չնայած հարցի լուծումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարությանը, բայց փաստացի խնդիրը լուծեց Կրթության և գիտության նախարարությունը: «ԵՊՀ-ն միակն էր, որ բաց նամակով դիմեց վարչապետին, ինչից անմիջապես հետո վարչապետն արձագանքեց մեր նամակին` հանձնարարելով ֆինանսների նախարարին զբաղվել խնդրի լուծմամբ: Հայտնի է, որ մասնավոր ձեռնարկություններում աշխատավարձն ավելի բարձր է, իսկ պահումներ կատարվում էր երկու աշխատավարձերից միաժամանակ, համալսարանի մի խումբ երիտասարդ դասախոսներ այդ իսկ պատճառով որոշեցին թողնել աշխատանքը: Մեկ անձի համար երկու վճար լինել չի կարող: Միակ ուրախալի լուրն այն է, որ որոշ բուհեր ՊՈԱԿ-ներից փոխվեցին հիմնադրամների, իսկ դա դեռևս չենք կարող ասել, թե ինչ հետևանք կունենա»,- ասաց նա:
Ասուլիսին մասնակից մեկ այլ բանախոս, Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն էլ իր հերթին ընդգծեց՝ սկզբից էլ պարզ էր, որ այս օրենքը դժվարություն է ստեղծելու բնակչության համար։
Նրա խոսքով՝ Կառավարությունը շատ արագ օրենքներ է ընդունում, հետո եթե ընդվզում է լինում ժողովրդի կողմից, որոշում է մի բան փոխել:
«Եթե խնդիրը լուծվի, կարծում եմ` հեռացած դասախոսների մեծ մասը կվերադառնա»,- ասաց նա: