28/11/2014 19:53
Երկաթուղային տրանսպորտի ոլորտը պատրաստ է ԵՏՄ անդամակցությանը
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի նախարարությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շակալովը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Մի շարք փաստաթղթերի շուրջ տեղի է ունեցել ակտիվ քննարկում։ Կողմերը նշել են, որ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում չկա որևէ խոչընդոտ, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացների վրա։
Նշվել է նաև, որ նախարարությունը պատրաստակամ է երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։