28/11/2014 18:21
Փորձաքննությունների ազգային բյուրոոըմ կիրառվում են ժամանակակից մեթոդներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մասնաշենքերում և ծանոթացել կառույցի գործառույթներին ու պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Քաղաքապետին ներկայացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքն ու հիմնական ստորաբաժանումների աշխատանքը՝ Արտաշես Ջավադյանը նշել է, որ կատարվող փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդներ:
Այցի շրջանակում կազմակերպության աշխատակիցները Երևանի քաղաքապետին են ներկայացրել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով համագործակցության հնարավոր ուղղությունները:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է բյուրոյի հետ փոխգործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է համատեղ քննարկել երկուստեք համագործակցության հստակ ուղղությունները, որի արդյունքում կնախապատրաստվի համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծ: