29/11/2014 10:25
Եղվարդի մանկապարտեզի թունավորման նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ
Նախօրեին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ:
ՍԱՊԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում:
Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:
Նշենք, որ երեկ մասսայական թունավորում է արձանագրվել Եղվարդի մանկապարտեզում։ ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Նախորդող հրապարակում՝ Եղվարդի մանկապարտեզից 9 սան տեղափոխվել է հիվանդանոց