29/11/2014 13:34
ՄԱԿ. Դոնբասում զոհերի թիվը գերազանցում է 4.000-ը
ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 25-ի դրությամբ Դոնբասում զոհերի թիվը հասել է 4356-ի:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության իրականացման ընթացքում զոհվել է 4356 մարդ, այդ թվում մալազիական «Բոինգի» ուղևորները:
ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 10018-ի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է Դոնբասում գործող 252 ձեռնարկությունների աշխատանքը: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների իրականացման վայրից դեպի Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ են դուրս բերվելու ձեռնարկությունների գույքը, փաստաթղթերը և աշխատակիցները:
Դեկտեմբերից Ուկրաինայի պետական բյուջեից գումարներ չեն հատկացվելու անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու այն թոշակառուներին, ովքեր կլքեն հակաահաբեկչական գործողությունների իրականացման տարածաշրջանը՝ Դոնբասը և կտեղափոխվեն այն շրջաններ, որոնք վերահսկվում են Կիևի կենտրոնական իշխանությունների կողմից:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այսօր հայտարարել են, որ Դոնբասի տնտեսական շրջափակումը կարող է հանգեցնել հումանիտար լրջագույն աղետի: Կարմիր խաչը իր մտահոգությունն է հայտնել Դոնբասի բժշկական կենտրոնների, դպրոցների, բանտերի ապահովության խնդիրներով, քանի որ շրջափակումը միայն վատթարացնելու է իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում:
Դոնեցկում և Լուգանսկում այս պահին չի գործում ոչ մի բանկոմատ, իսկ բնակչությունը մնացել է առանց դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի: Ուկրաինայի փոստային ծառայությունը՝ «Укрпочта» նախօրեին հրաժարվել է փոստային ծառայություններ մատուցել Դոնբասի բնակիչներին: