29/11/2014 10:50
Ոստիկանության զորքերը զորավարժություն անցկացրեցին Մեծամորում (Տեսանյութ)
Նախօրեին Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը վարժանքում ընդգրկված զորամասերի մասնակցությամբ: Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակը վնասազերծում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:
Ի տարբերություն մյուս հատուկ գործողությունների՝ այս զորավարժությունն իրականացվում էր հավանական հակառակորդի խմբերի ոչնչացման հատուկ մարտավարական գործողություններով:
Դիմելով զորավարժության մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները: