29/11/2014 12:23
Բ. Սահակյան. Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրն Արցախում նշվում է նոյեմբերի 30-ին: Սա հիշարժան օր է, քանի որ համակարգի գործունեության արդյունքում է ապահովվում մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, հասարակության ու պետության շահերի պաշտպանությունը, պահպանվում հասարակական կարգը, իրականացվում պայքարը հանցավորության և իրավախախտումների դեմ:
Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության և ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար և այսուհետ էլ կանի հնարավորը աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացման ուղղությամբ: Իշխանություններն իրենց հերթին կշարունակեն ըստ ամենայնի աջակցել գերատեսչության ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
Բացի այդ՝ Բակո Սահակյանը նախօրեին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են`
Աշոտ Ավանեսյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Գարեգին Հարությունյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան
Արսեն Ղուլյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: