16/12/2014 19:51
«Ոսկե գնդակ». Նեյմարն ասել է` որ ֆուտբոլիստների օգտին է քվեարկել
Ինչպես գիտեք, տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով Դունգայի` գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Տիգաո Սիլվայի փոխարեն ստացավ ավագի թևկապը, նշել է, թե «Ոսկե գնդակ 2014»-ի թեկնածուներից ում օգտին է քվեարկել:
«O Globo TV»-ի եթերում Նեյմարն ասել է, որ առաջին տեղում նշել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, երկրորդ ձայնը տվել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» գոլահար Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ երրորդ տեղում նշել է «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոյի անունը: Վերջինս ընդգրկված էր ՖԻՖԱ-ի հրապարակած ընդլայնված ցանկում, սակայն չի հայտնվել լավագույն եռյակում:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:
Հաղթողի անունը հրապարակվելու է 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: