16/12/2014 19:43
Արմեն Ռուստամյան. Պետք է բոլորն իմանան՝ որ քաղաքական ճամբարից էլ նրանք լինեն, ոչ մի հանդուրժողականություն չի լինի
ՀՀ ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները չեն բոյկոտել արտահերթ նիստը, որին ներկա են եղել ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորները: Նիստի հիմնական թեման ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակումն է:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ոչ իշխանական ուժերը նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել, սակայն ՀՀԿ-ն ձախողել է այն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ պատճառը եղել է իրենց պնդումը, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը պետք է հրաժարական տա: Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ երկրի նախագահի վիրավորողի ականջները կկտրի շան թուլի պես:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ազատամարտիկների նկատմամբ հարձակումներին, ասաց, որ որևէ քաղաքական ճամբարի չի թույլատրվում ինքնադատաստան տեսնել:
«Չեմ ցանկանում տալ բոլոր տուժածների անունները, սակայն, պետք է բոլորն իմանան՝ որ քաղաքական ճամբարից էլ նրանք լինեն, որքան էլ նրանց ներշնչեն, որ իրավունք ունեն ինքնադատաստան տեսնել, ոչ մի հանդուրժողականություն չի լինի: Մարդիկ, ովքեր հայ ժողովրդի համար ազատություն են ձեռք բերել, ուշադրության կարիք ունեն և հասարակությունում յուրաքանչյուրը պետք է իմանա. նրանց նկատմամբ բռնություն գործադրումը անընդունելի և խստորեն պատժելի է», - ասաց Ա. Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը հարձակվել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա, մի քանի օր առաջ ծեծի են ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: