16/12/2014 17:29
Վանիչկա Հովակիմյանի գործով դատապարտվածները արդարացում կամ ավելի մեղմ պատիժ են պահանջում
ՀՀ ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի գործով այսօր դատապարտվածների փաստաբանները և մեղադրողը ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքները։
5 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Պարույր Մկրտչյանի փաստաբան Լևոն Թորոսյանը իր խոսքում ասաց, որ գործի քննությունը թերի է իրականացվել, ինչի մասին էլ վկայում է դատաքննության բոլոր կողմերի բողոքներ ներկայացնելը:
Փաստաբանի խոսքով՝ այն մարդը, ով էլ գողացել է Վ. Հովակիմյանի մահվան պատճառ դարձած հեռախոսը և ուղղորդել է դեպի նա Գրիգոր Բաբախանյանին, որևէ պատժի չի արժանացել, իսկ Պարույր Մկրտչյանի արարքին սխալ որակավորում է տրվել։
Լ. Թորոսյանը նաև ասաց, որ Պ. Մկրտչյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, նրա համար այդ հեռախոսը կարևոր նշանակություն ուներ, և միջնորդեց դատարանին արդարացնել նրան։
Պ. Մկրտչյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը և ասաց, որ ինքը միայն Վ. Հովակիմյանի օձիքից է բռնել ու թափահարել, և չի կարծում, որ այդ պատճառով մարդ ինքնասպանություն կգործեր։
3 տարվա ազատազրկման դատապարտված, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանի փաստաբանը նույնպես միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին՝ հիմնավորելով, որ իր պաշտպանյալը դեպքից 30 րոպե առաջ է իմացել հեռախոս գողանալու մասին և դեպքի պահին եղել է հրամանատարի սենյակում, ինչպես նաև դատաքննության ընթացքում չի հաստատվել նախաքննության վարկածը, ըստ որի Արման Դալաքյանը Պարույր Մկրտչյանից լսել է «էսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը և ոչինչ չի ձեռնարկել։
7 տարվա ազատազրկման դատապարտված Շմավոն Կուրեխյանի փաստաբանը նույնպես միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և արդարացնել կամ ավելի մեղմ պատիժ նշանակել, քանի որ Շ. Կուրեխյանը որևէ խնդիր չի ունեցել Վանիչկայի հետ, այլ փորձել է պարզել, թե ով է գողացել հեռախոսը, բացի այդ, նրանք հեռավոր բարեկամներ են եղել:
Փաստաբանի խոսքով՝ Վանիչկան Ռուսաստանում սիրած աղջիկ է ունեցել և հնարավոր է՝ ինքնասպանություն գործել է անձնական խնդիրների պատճառով։
Դատական հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 22-ին։